Այսօր՝ ապրիլի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանում կայանալիք նիստին կորոշվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։

Ապրիլի 15-ին տասը ամիս տևած քննությունից հետո մեկնարկել էր Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Նրա մեղադրանքները ներառում են հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացում, ինչպես նաև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ խնդրելով առաջնահերթորեն քննել Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը։

Ինչպես նախօրեին հայտնել էր փաստաբան Արամ Վարդևանյանը, ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար, և Սամվել Կարապետյանի համար կարևոր է հնարավորություն ունենալ ամբողջությամբ մասնակցելու այդ քաղաքական իրադարձությանը։ Փաստաբանը նշել էր, որ դա ակնհայտ անհրաժեշտություն է մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից։

Նա նաև հիշեցրել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը և կազմում է ցուցակները, որի գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։

Այսօր դատավոր Վահե Դոլմազյանը կհրապարակի որոշումը, որի հիման վրա կորոշվի, թե արդյոք գործարար Սամվել Կարապետյանը կազատվի կալանքից, թե կմնա դատական իշխանության վերահսկողության ներքո։

Սամվել Կարապետյանը մեղադրանքը «աբսուրդային» է որակել՝ միևնույն ժամանակ հրաժարվելով դատախազին բացարկ հայտնելուց։