«Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Իշխանյանը հայտարարել է, որ «Հանրային դաշինքը», որը ձևավորվել է այս տարվա հունվարին, քաղաքական ուժերից պահանջում է դիրքորոշում՝ կապված իշխանությունների հակակշռման հարցի հետ։

Իր ասուլիսի ժամանակ Հովհաննես Իշխանյանը նշել է, որ հանրային գիտակցումը պետք է բարձրացվի այն հասկացման շուրջ, որ Հայաստանում կառավարման խնդիրները բխում են ոչ թե անձանց անձնական որոշումներից, այլ համակարգի կառուցվածքային թերությունից։ Նրա խոսքով՝ պետական համակարգը պետք է կառուցված լինի այնպես, որ կանխամտածված լինի վատագույն սցենարի դեմ պաշտպանվելու համար։

Հովհաննես Իշխանյանը տեղեկացրել է, որ դաշինքը 27 քաղաքական ուժի հարցումներ է ուղարկել։ Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությանը հարցում չեն ուղարկել, քանի որ, նրա կարծիքով, այդ կուսակցությունը 2018 թվականին իշխանության գալուց հետո ոչ միայն չի վերացրել, այլ և սուպերվարչապետական համակարգը սեղմել է։

«Մենք հարցումներ ենք ուղարկել այն ուժերին, որոնք ակտիվ են։ ՔՊ-ին ուղարկել ենք չէ, քանի որ նրանք 2018 թվականին խոստացել էին վերացնել, բայց ավելի սեղմեցին։ Օրինակ՝ եթե ԱԱԾ տնօրենին նշանակում էր վարչապետը, որն արդեն խնդիր էր, և ստորագրում էր նախագահը, էդ ստորագրման պահն արդեն վերացրին՝ միանգամից նշանակելով։ Իրենցից պատասխան ստանալու ակնկալիք չունենք, քանի որ մեկ անգամ խաբել են», – ասել է նա։

Հարցին՝ թե ինչ սպասելիք ունի այն ուժերից, որոնք աջակցում են ՔՊ-ին, Հովհաննես Իշխանյանը պատասխանել է․ «Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ եթե սատարում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն սատարում են միահեծան իշխանությանը։ Երբ մի խումբ մարդ կարող է ինչ ուզի անել, ապա մենք ընկնում ենք անորոշությունների և ապօրինությունների շղթայի մեջ։ Ականատես ենք եղել Սահմանադրության բազմաթիվ խախտումների։ Հենց իշխանական հակակշռման բացակայության պատճառով է այս ամենը։ Եթե ԱԺ-ում մեկ կուսակցություն կարող է ինչ ուզի անել, նույնիսկ եթե ՔՊ-ն չլիներ, և դեղինների կուսակցությունը լիներ, նույն կերպ էր վարվելու»։

Հովհաննես Իշխանյանը նաև հայտարարել է, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ ձևակերպումները հակասահմանադրական են և պահանջում է, որ ընտրություններին այդ կուսակցության մասնակցությունը արգելվի։