Իր իշխանության 8 տարիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարությունը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա 2.5 հազար դոլար պարտք է դրել։ Այս հաշվարկը վերաբերում է պետական պարտքի ծավալին, որն այդ ընթացքում ավելացել է։
Եթե մինչև 2018 թվականը յուրաքանչյուր քաղաքացու վրա ընկնող պարտքը նույնիսկ 2.2 հազար դոլարից պակաս էր, այժմ այն հասել է 4.7 հազար դոլարի՝ 2.5 հազարով ավելանալով։
Շատերին կարող է թվալ, թե այդ պարտքի հետ իրենք անմիջականորեն կապ չունեն, որ իրենք չեն վերցրել այդ պարտքը և չեն վճարելու դրա համար։ Սակայն այդպես չէ։ Այդ պարտքերը ուղիղ կապ ունեն քաղաքացու գրպանի հետ։ Քաղաքացու գրպանից ու հաշվին են վճարվելու այդ գումարները։ Քաղաքացու բերանից կտրելու են՝ վերադարձնելու համար պարտքերը։
Այսօր արդեն իսկ քաղաքացին իր գրպանից վճարում է այդ պարտքերի դիմաց, չնայած շատ դեպքերում չգիտի դրա մասին։ Այդ պարտքերը փակվում են այն գումարներից, որոնք քաղաքացին հարկերի ու տուրքերի ձևով վճարում է պետական բյուջե։ Դրանք քաղաքացիների գումարներն են, որոնք պիտի տարբեր ծրագրերի միջոցով վերադառնային տնտեսություն, ծառայեին տնտեսական ծրագրերի իրականացմանը, նպաստեին քաղաքացիների սոցիալական պայմանների բարելավմանը, բայց գնում են փակելու կառավարության վերցրած վարկերը։
Այս տարի արդեն կառավարության պարտքի միայն տոկոսները փակելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից վճարել ավելի քան 1.1 մլրդ դոլար։ Սա քաղաքացու փողն է, որ դուրս է գալիս քաղաքացու գրպանից այն պատճառով, որ իշխանության սիրտը շատ փող է ուզում։ Բայց քանի որ չկա այդ փողը, գնացել ուրիշներից պարտք է վերցրել, ու այսօր քաղաքացին ստիպված է այն վերադարձնել իր գրպանից՝ չիմանալով նույնիսկ, թե ինչ են արել այդ գումարները։
Պարտքեր նախկինում էլ են եղել, բոլոր իշխանություններն էլ այս կամ այն չափով պարտքեր են վերցրել, բայց այդ պարտքերը եղել են չափավոր։ Դրա համար էլ նախկինում քաղաքացին եռակի քիչ էր վճարում պարտքերը սպասարկելու համար, քան վճարում է հիմա։ Վերջին տարիներին պարտքի սպասարկման բեռը քաղաքացու վրա եռակի ծանրացել է։
8 տարում Նիկոլ Փաշինյանի հռչակած «հպարտ» քաղաքացու պարտքն անհամեմատ ավելի շատ է աճել, քան նախորդ գրեթե 28 տարվա ընթացքում։
Երբ ասում են, որ երկիրը պարտքերով են պահել ու պահում, հենց սա նկատի ունեն։ Յուրաքանչյուր քաղաքացու հաշվով 2.5 հազար դոլարի պարտք են կուտակել։ Այդ պարտքերով են արել այն ծախսերը, որոնք շատ հաճախ փորձում են ներկայացնել՝ որպես քաղաքացուն արվող լավություն։ Իրենք ասում են՝ ասֆալտ են արել, ջրագիծ են կառուցել, լուսավորություն են անցկացրել, քաղաքացու գրպանի պարտքերն ավելացնելու հաշվին են արել։ Արվածն էլ արդեն տեսնում ենք, թե ինչքան է դիմանում։
Մինչև վերջերս ասֆալտով էին հպարտանում, ձյունը եկավ, դա էլ քշեց-տարավ։ Այն, որ անորակ ասֆալտի հետևանքներն ընթացքում վերացնում են՝ կրկին ու կրկին ասֆալտ անելով, էլի ժողովրդի գրպանի փողերով կամ պարտքերն ավելացնելով են անում։
Ութ տարում ավելի քան 8 մլրդ դոլարի պարտքեր են վերցրել։ Արածներն էլ երբեմն մի քանի ամիս չդիմացող ասֆալտն է։ Եթե գոնե այդ գումարները դնեին արտադրություն զարգացնելու, տնտեսության կարողություններն ու հզորություններն ավելացնելու վրա, էլի ոչինչ։ Բայց այդ միլիարդների արդյունքները տնտեսության մեջ ոչ մի տեղ չեն երևում։ Ու դրանում դժվար չէ համոզվել՝ բացելով տնտեսության կառուցվածքը։
Ասում են՝ մեծ գումարների շրջանակներում տեխնիկական աջակցություն են ցուցաբերել բիզնեսին։ Տնտեսվարողները նոր տեխնիկա, սարքավորումներ են ձեռք բերել, տեխնոլոգիական վերազինում են իրականացրել՝ արտադրական պրոցեսներն ընդլայնելու, հզորություններն ավելացնելու, արտադրողականությունը բարձրացնելու համար։ Բայց դա ոչ մի կերպ չի երևում տնտեսության մեջ։ Չկա որակական փոփոխություն տնտեսության կառուցվածքում։ Տնտեսության կառուցվածքը դրանից ոչնչով չի բարելավվել, մի բան էլ ավելի է վատացել։
Իրական տնտեսությունը նահանջել է, պատահական գործոնների վրա հիմնված ոլորտներ են առաջ եկել։ Ու այստեղ են առաջանում այն հարցերը, թե ի՞նչ են արել պարտքերի ձևով վերցրած այդ հսկայական գումարները, որ դրանից տնտեսության իրական հատվածը, մեծ հաշվով, ոչինչ չի շահել։ Գոնե նոր արտադրություններ ստեղծեին, գործողներն ընդլայնեին, դա էլ չեն արել։