Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնի դարձավ Բաքվի դատարանի կողմից հրապարակված դատավճիռից։
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դատարանից պահանջել էր Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դատավարության ընթացքը և հայերին վերագրվող հայտարարությունները լուսաբանվում էին բացառապես ադրբեջանական պետական լրատվամիջոցների կողմից, ինչի պատճառով այլ աղբյուրներից անկախ տեղեկություններ ստանալ հնարավոր չէր։
Ռուբեն Վարդանյանը իր գործով վերջին դատական նիստից հետո ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով փոխանցել էր իր վերջին խոսքի բովանդակությունը։ Նա հրաժարվել էր մասնակցել այն, ինչը նրա կարծիքով «արդարադատության իմիտացիա» էր, և խոսել էր արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին՝ որպես հավասարների միջև հնարավոր լինող գործընթաց։
Ռուբեն Վարդանյանի գործը քննվում էր առանձին վարույթով՝ անջատվելով Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների գործից։ Նրան առաջադրված էր 42 մեղադրանք։
Արդեն հունվարի 16-ին, առաջին նիստից առաջ, Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով հայտնել էր, որ մինչև այդ պահը իրեն հնարավորություն չէր տրվել ծանոթանալ պաշտոնական մեղադրական եզրակացության հետ։ Նրան թույլ էին տվել միայն թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին նա չի տիրապետում, և այդ գործը ուսումնասիրելու համար նախատեսված ժամանակը բավականին կարճ էր։ Նա նաև նշել էր, որ իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա ճնշում է գործադրվում՝ ստիպելու ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ։ Ռուբեն Վարդանյանը պահանջում էր դատական գործընթացի բաց և հրապարակային կազմակերպում։
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանը հրապարակել էր նաև Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավճիռները, որոնց ըստ այդմ դատապարտեցին ցմահ և 20 տարվա ազատազրկման։