Որպես Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի ներկայացուցիչ՝ հայտարարում եմ, որ Բաքվի ռազմական դատարանի փետրվարի 17-ի որոշումը, որով պարոն Վարդանյանը դատապարտվել է քսան տարվա ազատազրկման, իրավաբանորեն անհիմն է և չի կարող համարվել անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք։ Այս վճիռը կանխատեսելի հետևանք է ծավալուն վարույթի, որը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ իրավաբանական փաստերով, այլ քաղաքական նկատառումներով։

Դատավարությունը ի սկզբանե խախտել է Ադրբեջանի ներքին օրենսդրությունը և այդ երկրի միջազգային պարտավորությունները։ Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից սահմանված անկախության և անկողմնակալության պահանջներին։ Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը։

Պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ դրանց ուսումնասիրման համար։ Միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը բազմիցս խոչընդոտվել են։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն, այլ ուղղակիորեն զրկել են նրան արդար դատաքննության իրավունքից։

Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն։ Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում դատավարության քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։ Ժամանակակից քրեական օրենսդրությունը, և՛ ներպետական, և՛ միջազգային, թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը՝ առանց կոնկրետ և ապացուցված հանցավոր գործողությունների։

Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով։ Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին՝ անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել պարոն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար։ Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը։