Այսօր՝ փետրվարի 16-ին, Արարատի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով մահացել է վարորդը։
Դեպքը տեղի է ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին, Մխչյան գյուղի վարչական տարածքում։ Ժամը 19։00-ի սահմաններում 48-ամյա Կարեն Մ․-ը, վարելով իր «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես տեղում հայտնի դարձավ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Եգորյանը և Արսեն Ասատուրյանը։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։