Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է Հայաստանի օկուպացված տարածքների հարցը։ Այս մասին հայտարարել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ երկու կողմերի միջև առկա է փոխըմբռնում, որ խնդիրը պետք է կարգավորվի սահմանազատման գործընթացի շրջանակում։
«Կարելի է ասել, որ առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Որպեսզի ավելի կոնկրետ լինեմ, նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Ադրբեջանի տարածքում, ուստի ամենայն հավանականությամբ, այս անգամ այն կկայանա Հայաստանի տարածքում»,- նշել է Նարեկ Մինասյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված երկկողմ կլոր սեղանին։