Հայաստանում 2025 թվականին կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթների թվով արձանագրվել է 3,2%-ով նվազում՝ համեմատած 2024 թվականի ցուցանիշների հետ։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով հանցավորության շարժընթացում արձանագրված հիմնական միտումները։
Նրա խոսքով՝ այս արդյունքը վկայում է երկրի ներքին անվտանգության մակարդակի և կայացրած որոշումների արդյունավետության մասին։
Նախարարը նշել է, որ վիճակագրական պատկերը վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակի հիման վրա, ինչը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության ճշգրիտ պատկերը։ Նա ընդգծել է, որ նախորդ տարիներին վիճակագրությունը վարվում էր այնպիսի մեթոդաբանությամբ, որի հիմքում դրվում էր ոչ թե հանցագործության կատարման պահը կամ դրանով հարուցված վարույթը, այլ դրա վերաբերյալ տվյալի ստացման պահը։
Սարգսյանի հավաստիացմամբ՝ այս նոր մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն ցուցաբերել հանցավորության աճի, այլև նվազման ցուցանիշները։ Այս ցուցանիշների հիման վրա հստակորեն վերլուծվում է դրանց հիմքում ընկած որոշումների արդյունավետությունը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ նոր մեթոդաբանությամբ են հաշվարկվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, որոնք աճել են և՛ հանցանքը կատարողի անձը հայտնի լինելու, և՛ թե որպես մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով։
ՆԳՆ-ն, համագործակցելով Գլխավոր դատախազության հետ, շարունակում է ինստիտուցիոնալացնել և կատարելագործել վիճակագրության մեթոդաբանությունը՝ ապահովելով ավելի ակադեմիական և հիմնավորված վերլուծություն։ Նախարարի խոսքով՝ այս մոտեցումը օգնում է իրական պատկերի վերլուծությամբ գնահատել կայացրած որոշումների ընթացքը և դուրս բերել նոր լուծումներ։