Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս պետությունները և Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինեն ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկեր, եթե Հայաստանում գործնական փուլ անցնի ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցման ծրագիրը։
«Հայաստանը սեյսմավտանգ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել Հայկական ատոմակայանին հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, և մինչ օրս մեկ էներգաբլոկը շարունակում է աշխատել»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը, ըստ էության, ստիպված կլինի ենթադրել, որ «միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումները կիրականացվեն մոտակայքում՝ սեյսմիկ ակտիվ գոտում»։
Քարտուղարը նշել է, որ դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Նա զուգահեռներ անցկացնելով ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աղետի հետ, հիշեցրել է, որ երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտման։