Հայաստանում արտագաղթի ուղղությունը փոխվել է դեպի ներգաղթ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով գերազանցում է Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը։
«Սա նշանակում է, որ 2025 թվականի վերջին արդյունքներով՝ մենք արդեն ունենք ներգաղթի ցուցանիշ»,- ասաց վարչապետը։
Նա նաև նկատել է զբոսաշրջային հոսքերի զգալի փոփոխությունը։ Ըստ նրա՝ 2025 թվականի արդյունքներով օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23,000-ով գերազանցել է նախորդող շրջաններին։
Վարչապետը նշել է, որ այս փոփոխությունը հատկապես տեսանելի է դարձել Ամանորի տոնակատարությունների ժամանակ, որոնք, նրա խոսքով, պետք է դիտարկվեն որպես զբոսաշրջային ապրանք, որը հետաքրքրում է օտարերկրյա զբոսաշրջիկներին։