Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հորատող բաժնում արդեն 28 օր է շարունակվում գործադուլը։ 50 բանվորի խումբը պահանջում է աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
Ինչպես տեղեկացա Ախթալայից, գործադուլավորներին փոխարինելու նպատակով Վարդենիսից՝ Սոթքի հանքից, կոմբինատ են բերվել հանքափորներ։ Սկզբում խոսք էր գնում 8 հոգու մասին, սակայն այժմ այդ թիվը հասել է 15-ի։
Տեղի բնակիչների խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունը նրանց բարձր աշխատավարձ՝ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ է խոստացել, ինչպես նաև ապահովում է նրանց սնունդով և տրանսպորտով։ Այս հանքափորները բնակվում են Մեծ Այրում գյուղի հյուրատներում։
Ախթալացիները նշում են, որ վերջին 5-6 տարում նման հոգատար վերաբերմունքը կոմբինատի կողմից տեղացի աշխատողների հանդեպ նախկինում չի դիտարկվել։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները այս օրերին այցելել են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ՝ ստուգելու աշխատողների աշխատանքային պայմանագրերը և վարձատրության չափերը։ Նրանք նախատեսում են նաև մտնել հանքախորշեր՝ տեսնելու աշխատանքային պայմանները։