ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության պետի պաշտոնը զբաղեցրած անձը 2010-2018 թվականներին կատարել է մի շարք խոշոր կոռուպցիոն հանցեր՝ չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին նշված պաշտոնատար անձը կազմակերպել է Երևանի կենտրոնում գտնվող 0.0250 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ-վաճառքի անցկացումը։ Կեղծ բովանդակությամբ կազմվել է արձանագրություն, որի արդյունքում աճուրդին փաստացի չներկայացած նրա մտերիմը ճանաչվել է հաղթող, և կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։

Բացի այդ, պաշտոնյան կազմակերպել է նշված հողամասի ապօրինի ընդլայնման գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը։ Այս գործողությունների հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Հետագայում, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, նշված պաշտոնատար անձը կազմակերպել և համաձայնեցրել է վերը նշված հողամասի վրա քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումներով կառուցվող բազմաբնակարան շենքի վերաբերյալ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացը, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթում կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով։ Քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցված բազմաբնակարան շենքը, կից 0․0445 հա հողամասի հետ մեկտեղ, 2018 թվականին անհատույց հանձնվել է նշված պաշտոնատար անձի ընտանիքի անդամներին։ Այսպիսով, պաշտոնյան օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 140.108.050 ՀՀ դրամ արժեքով գույքը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոգրյալ հանցանքների կատարմանն օժանդակած երկու անձի, այդ թվում՝ քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի որդուն։ Երեք մեղադրյալների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, ՀՀ-ից բացակայելու արգելքն ու գրավը։ Քրեական վարույթն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։