Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է փետրվարի 10-ին ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին Խարտիայի հիմնական դրույթները։ Այս համաձայնագիրը ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ տրանսպորտից և էներգետիկայից մինչև արհեստական բանականություն, ներդրումներ և անվտանգություն։
Համագործակցության հիմքում ընկած է կողմերի միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անբաժանելիության ճանաչումը։ Խարտիան նաև ընդգծում է Միջին միջանցքի (Middle Corridor) զարգացման կարևորությունը՝ որպես առանցքային տրանզիտային երթուղի, և կողմերի կողմից TRIPP նախագծին աջակցությունը։
Այլ առանցքային կետերից են՝ էներգետիկ համագործակցությունը, որտեղ Ադրբեջանը դիտարկվում է որպես հուսալի գործընկեր, առևտրի և ներդրումների աճի խթանումը, բիզնես միջավայրի բարելավումը և մասնավոր հատվածի ներգրավումը։
Կողմերը նախատեսում են համագործակցել նաև արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տեխնոլոգիական սթարթափների և անվտանգության ոլորտներում։ ԱՄՆ-ը խոստանում է տեխնոլոգիական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել հումանիտար ականազերծման ծրագրերին։
Համաձայնագիրը նաև նախատեսում է աշխատանքային խմբերի ստեղծում, ծրագրերի մշակում և դրանց իրականացման ճանապարհային քարտեզների մշակում, ինչպես նաև պարբերաբար անցկացնել ռազմավարական երկխոսություն՝ պայմանավորվածությունների իրականացումը հսկելու համար։
Հատկանշական է, որ Խարտիայում նշվում է Ադրբեջանի կողմից TRIPP նախագծին աջակցությունը։ Այս հարցը պարունակում է որոշակի ինտրիգ, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիևը «Թրամփի ուղին» նախագիծը ներկայացրել է որպես Ասիան Եվրոպային կապող տրանսպորտային միջանցք, որի իրականացման համար Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ ներգրավելով նաև տարածաշրջանի այլ երկրների մասնակցությունը։ Սա հանգեցնում է հարցին, թե արդյոք խոսքը Թուրքիայի մասնակցության մասին է, թե՞ այլ բնույթի համագործակցության մասին։