Հայաստանում ոսկու գինը վերջին շաբաթվա ընթացքում ապրում է անկանխատեսելի տատանումներ, որոնք զայրույթի և անվստահության են հասցրել ինչպես ոսկու գնորդների, այնպես էլ վաճառողների շրջանում։
Օրինակ, նախորդ շաբաթվա նույն օրը 1 գրամ ոսկու արժեքը կազմում էր 64 հազար դրամ, մինչդեռ այսօր այն նվազել է՝ հասնելով 60 հազար դրամի։ Այսպիսի ռոպե առ րոպե փոփոխությունները դժվարացնում են ինչպես ոսկու գնումը, այնպես էլ վաճառքը, քանի որ ցանկացած պահի գնի տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։
Այս իրավիճակը նկատվում է նաև միջազգային շուկայում։ Փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքներով NYMEX բորսան կայացրել է ոսկու գնի 2.29%-ով նվազում՝ դրա արժեքը սահմանելով 4860.10 դոլար մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար։ Արծաթի գինը նվազել է 11.56%-ով՝ կազմելով 77.04 դոլար, իսկ պլատինի գինը՝ 9.83%-ով՝ հասնելով 2044.90 դոլարի։
Այս անկայունության ֆոնին հետաքրքրություն է առաջանում Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ռեսուրսների կանխատեսումների նկատմամբ։ 2026 թվականին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2026 թվականին Հայաստանում նախատեսվում է մշակվող արդյունաբերության և հանքարդյունաբերության ծավալների աճ, որի մեջ կարևոր դեր կունենա Ամուլսարի հանքավայրը։ Նա նշել էր, որ կառավարությունը կանխատեսում է 2026 թվականին 4 տոննա ոսկի արդյունահանելու։
Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։ Հանքում հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք։