Այսօր՝ փետրվարի 5-ին, Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կայացած վճիռը։
Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտել է Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին և Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Ըստ դատախազի՝ նրանց նույնպես մեղադրում էին ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործություններով, սակայն, քանի որ նրանք 65 տարեկան են, դատարանը դատապարտել է նրանց 20 տարվա ազատազրկման՝ համաձայն Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների։
Այս գործով դատապարտվել են նաև 8 հայ գերի։ Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը և Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Հայերին առաջադրված մեղադրանքները ներառում են ծրագրում, նախապատրաստում և ագրեսիվ պատերազմի սանձազերծում, միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա հարձակում, ցեղասպանություն, բնակչության ոչնչացում, ստրկատիրություն, բնակչության տեղահանում, հետապնդում, անձանց հարկադիր անհետացում, խոշտանգումներ, պատերազմի օրենքների խախտում և այլ հոդվածներ Ադրբեջանի քրեական օրենսգրքից։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Նրանց ձերբակալել են և տեղափոխել Բաքու՝ Արցախի ամբողջական օկուպացիայից և էթնիկ զտումից հետո։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատավարության մանրամասները և հայերին վերագրվող հայտարարությունները։