Գիտեմ, կգտնվեն մարդիկ, որ կասեն․ «Երնեկ քո հավեսին՝ պետական կարեւորագույն գործընթացների, ընտրությունների շեմին էս ինչի՞ց ես խոսում, լեզուն երկրորդական է»։ Ես կհակադարձեմ. «Ահա մի հարցազրույցից հատված, թե ինչպես են խոսում մեր արվեստագետները, եթե ձեր սիրտը չպայթի՝ հոդվածս կայրեմ»:
Հեռուստաեթերից հնչում է․ «Անթաթ ինձ կպնում են, հա՞, թե հայերեն ճիշտ չեմ խոսում… Ամեն մեկ, հա՞, թող իր գործով զբաղվի։ Իմ խնդիրն է, հա՞, ոնց կխոսամ… Թող չլսեն, ես կոմպլեքսավորված անձնավորություն չեմ»: Եվ ամենացավալին այն է, որ դա տեղի է ունենում ոչ թե անգրագետ մարդկանց «շնորհիվ», այլ հաճախ՝ հանրությանը հայտնի, ճանաչված, «կարծիք ձեւավորող» անձանց խոսքի միջոցով։
Մարդը խոսում է այնպես, ինչպես մտածում է։ Մտածում է այնպես, ինչպես ապրում է։
Մայրենի լեզվի նկատմամբ արհամարհանքը մենք զգում ենք ամեն օր, ամեն քայլափոխի՝ ցուցանակներում, եթերում, սերիալներում, հարցազրույցներում, նույնիսկ՝ մասնագիտական խոսքում։ Լեզուն դարձել է կա՛մ ցուցամոլության գործիք, կա՛մ կեղծ «ժողովրդականության» զոհ։ Բայց ամենացավալին այն է, որ երբեմն լեզվի հանդեպ այդ արհամարհանքը ոչ թե անգիտակցական է, այլ՝ բացահայտ, ցուցադրական, լպիրշ ու ինքնավստահ։
Մի քանի «գոհար» ներկայացնեմ հարցազրույցներից։ Քաղաքական/պաշտոնական խոսք. «Մենք ունենք տեսլական, որը հիմնված է ապագայի զարգացման կոնցեպտուալ մոտեցման վրա»: «Այս պահին ես չեմ կարող հստակ ասել, բայց գործընթացը ընթանում է»: «Մենք փորձում ենք մաքսիմալ օպտիմիզացնել ռեսուրսները»: «Պետք է ֆոկուս անենք թիրախային սեգմենտի վրա»: «Վերոնշյալ իրադարձությունը հանդիսանում է կարեւորագույն հանգրվան մեր հասարակության զարգացման համատեքստում»: Եթե քաղաքական գործչի լեզուն այսպես «խճողված» է, մյուսներից մեծ բան պահանջել չի կարելի, ուստի վաճառողն էլ ասում է․ «Էս նոր մոդել ա, շատ տրենդի մեջ ա»:
Անտանելի չափերի են հասնում գռեհկաբանությունները սերիալներում, շոուներում։ «Էդ ի՞նչ ես բզբզում, այ մարդ», «Դու լրիվ տուպոյ ես», «Գլուխդ չի կտրում», «Էդ ի՞նչ ես դեբիլություն անում»: Բժիշկն է խոսում․ «Դե, նորմալ չի վիճակը, պիտի նայենք», «Մի քիչ խնդիր կա»։ Իրավաբանը․ «Ընդհանուր առմամբ, օրենքը թույլ է տալիս որոշակի քայլեր»։ Իսկ որոշ «գրագետներ» ուղղակի սղոցում են․ «Էդ հարցը պիտի ֆիքսենք», «Ինքը շատ ադեկվատ չի», «Դա իմ պերսոնալ օփինիոնն է», «Մի քիչ դիսքոմֆորտ կա»: Ամենածիծաղելին՝ երբ փորձում են «գրագետ երեւալ», ու ստացվում է այսպես․ «Շնորհակալություն հայտնում ենք Ձեր կողմից ցուցաբերված ուշադրության համար» (երբ կարելի է ասել՝ շնորհակալ ենք ուշադրության համար), «Ունենք որոշակի խնդիրների առկայություն» (այսինքն՝ խնդիր ունենք, բայց ամաչում ենք ասել): Սրանք մտքի աղքատության, խոսքի անորոշության մասին են խոսում, որը երբեմն նաեւ ծառայում է որպես պաշտպանիչ վահան։
Բայց բանավոր խոսքին զուգահեռ կան նաեւ գրավոր խոսքի ցնցող նմուշներ, օրինակ՝ ցուցանակներ։ Մեր փողոցներում հայերենն առաջին հերթին խայտառակվում է հենց ցուցանակներում։ Մի ժամանակ ռուսերեն էին, հիմա՝ անգլերեն։ Luxury Store, Concept Shop, Beauty Zone: Եվ ամենախայտառակն այն է, որ հաճախ սխալ անգլերենով։
Շատ դեպքեր կան՝ հայերենն ուղղակի բացակայում է։ Լեզվի մասին օրենքն է խախտվում։ Կարծես ամաչում են հայերեն ցուցափեղկից, կարծես հայերենը չի «վաճառում, չի գրավում, մոդայիկ չի, չի օգնում բիզնեսին»։
Մարդը խոսում է այնպես, ինչպես մտածում է։ Մտածում է այնպես, ինչպես ապրում է։ Պատահական չէ հին, բայց անխոցելի ճշմարտությունը․ ոճը՝ ինքը մարդն է։ Ինչպիսին ոճն է, այնպիսին էլ մարդն է։
Հայոց լեզուն պարզապես հաղորդակցության միջոց չէ։ Դա մեր մտածողության տունն է։ Եվ եթե այդ տան պատերը շարունակենք այսպես ճաքեցնել, մի օր կարթնանանք ու կհասկանանք՝ խոսում ենք շատ, բարձր, ազատ… բայց մեր Սուրբ լեզվով չենք խոսում։