Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմության հաղթելու հնարավորությունը զգալիորեն մեծանում է։ Այս կարծիքը հայտնում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ վերլուծելով ներկայիս քաղաքական իրավիճակը։
Ըստ նրա՝ Ռուսաստանահայ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո ձևավորված «Մեր ձևով» ժողովրդական շարժման քաղաքական ասպարեզ մտնելը փոխել է Հայաստանի քաղաքական կոնֆիգուրացիան՝ ի վնաս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի իշխանության։
«Չարիքից պե՛տք է ազատվել։ Կա մեկ կարգախոս՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։ Նիկոլն այստեղ անուն չէ, երևույթ է՝ չարիքն է»,- նշում է Մինասյանը՝ ընդգծելով ներկայիս իշխանությունների վախը ցանկացած նոր ուժից, որը կանգնում է հակառակ թևում։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանն ու «Մեր ձևով»-ը հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, դարձել են այդ նոր ուժը։
Գագիկ Մինասյանի վերլուծությամբ՝ ներկայիս իշխանությունները զգում են, որ «հողը փախչում է իրենց ոտքի տակից» և պատրաստվում են «հատուցման»։ Նա նշում է, որ ցանկացած նոր ուժ, որը կանգնում է հակառակ թևում, շատ վտանգավոր է նրանց համար։
Ըստ Մինասյանի՝ «Մեր ձևով»-ի ներկայացրած տնտեսական հինգ ծրագրերը շատ միավորող են և ուղղված են այն ընտրողների խմբին, որոնք չեն աջակցում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ էլ վերջին 5-7 տարվա ընթացքում ձևավորված արմատական ընդդիմության ուժերին։ Նրա գնահատմամբ՝ այս շարժումը կարող է դառնալ այդ ընտրազանգվածի խոսափողը, ինչը էապես փոխում է քաղաքական խճանկարը։
Հանրապետական գործիչը նաև նշում է, որ Հայաստանի հիմնական սպառնալիքը «ազգակործանն ու իր ոհմակն» է։