Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները մտադիր են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում՝ խաղաղության հաստատվելուց հետո։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ Փարիզում կայացած «ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովում։
Համապատասխան մտադրության հռչակագիրը, որը նաև անվանում են «Փարիզյան հռչակագիր», ստորագրվել է Փարիզում՝ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Գագաթնաժողովին ներկա էին նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք նույնպես ստորագրել են փաստաթուղթը՝ ապահովելով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ։
Գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են Ուկրաինայի համար վստահելի անվտանգության երաշխիքների շուրջ և առաջարկել են, որ ԱՄՆ-ը ղեկավարի հրադադարի հսկողությունը։
Համատեղ ասուլիսում Քիր Սթարմերը նշել է․ «Մենք ստորագրել ենք մտադրության հռչակագիր՝ ուժերի տեղակայման մասին Ուկրաինայում՝ խաղաղության հաստատման դեպքում։ Սա մեր երկարաժամկետ հանձնառության առանցքային մասն է՝ կանգնելու Ուկրաինայի կողքին։ Այն բացում է իրավական շրջանակը, որի ներքո բրիտանական, ֆրանսիական և գործընկեր ուժերը կարող են գործել Ուկրաինայի տարածքում՝ ապահովելով երկրի երկինքը և ծովերը և բաերփոխելով Ուկրաինայի զինված ուժերն ապագայում»։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Լոնդոնը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած հնարավոր հրադադարի վերահսկմանը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հավելել է, որ պայմանագրից հետո ուկրաինացիները պետք է իմանան, որ «իրական երաշխիքներ կան, որ պատերազմը չի վերսկսվի»։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի դաշնակիցները Փարիզի քննարկումներում առաջընթաց են գրանցել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Փարիզում մեծ քայլ առաջ է արվել, սակայն դեռ պետք է կանգնեցնել պատերազմը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագիրը 90% պատրաստ է։
Այս նախաձեռնությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երբեք չի համաձայնվի Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, քանի որ դա սպառնալիք է իր անվտանգությանը։