Այսօր Բաքվում, ռազմական հանցագործությունների դատարանում, որի նիստը նախագահում էր դատավոր Զեյնալ Աղաևը, հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) ռազմաքաղաքական ղեկավարության անդամների դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ դատավճիռները։

Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտել է ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։

Ինչպես նախկինում պահանջել էին մեղադրող կողմի դատախազները, ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս ժամկետը պայմանավորված է նրա տարիքով, քանի որ մեղադրող կողմը ցմահ ազատազրկում էր պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 17-ին մեկնարկած գործով մեղադրյալ է անցել ընդհանուր առմամբ 15 անձ։ Նրանց մեղադրանքները ներառում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքներ։

Դատավճիռները հրապարակվել են 2548 դրվագով հավաքված, ինչպես պնդում է մեղադրող կողմը, կեղծ և հորինված ապացույցների հիման վրա։ Մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։