Ինչպես տեսնում ենք, ավելի քան 140 տարի առաջ գրված աշխատության («Զվարթ գիտություն», 1882թ.) դրույթների մեջ կան նաեւ այսօրվա վիճակի ճիշտ կանխատեսումներ։ Իրենց ժամանակի հասարակությունները բարոյական անկման շրջաններում տեսած մարդիկ, ինչպիսիք են Ֆրիդրիխ Նիցշեն, նկատում են, որ դրանք բնութագրվում են ընդհանուր հետաքրքրությունների բացակայությամբ, խմբերի միջեւ թշնամանքով եւ մարդկանց ձգտումով դեպի հաճելի եւ հարմարավետ կյանք։

Նիցշեն, գրելով այդ մասին, բանավիճում է նրանց հետ, ովքեր պնդում էին, թե նման փուլերում բարքերը պակաս դաժան են, քան «կրոնական» ժամանակահատվածներում։ Փիլիսոփան, սակայն, ցույց է տալիս, որ այդ ճգնաժամերի ընթացքում մարդիկ հասկանում են, որ մերձավորներին կարելի է սպանել ոչ միայն զենքով, այլեւ խոսքով։ Հենց այդ պատճառով էլ, նրա կարծիքով, այդ ժամանակներում զարգանում են «չար կատակներն» ու «զրպարտությունները»։

Բայց Նիցշեն տեսնում է նաեւ դրական կողմ։ Ժողովրդի թվացյալ ապատիան իրականում էներգիայի կուտակում է։ Բարոյական անկման ժամանակներն, ըստ նրա, այն շրջաններն են, երբ հասունացած խնձորներն ընկնում են ծառից՝ դա ժողովուրդների աշունն է։ Այսինքն՝ դա նախապատրաստական փուլ է նոր ծաղկումի համար։

Ինչպես տեսնում ենք, այս մտքերը բավականին արդիական են։ Մենք, ովքեր ապրել ենք Խորհրդային Միության եւ, մասնավորապես, Խորհրդային Հայաստանի 1970-ական թվականների ճգնաժամը, սեփական աչքով ենք տեսել, թե ինչպես է ոչ ոք ոչ մի «պաշտոնական» գաղափարի չէր հավատում, եւ մարդիկ առաջնային էին դնում սեփական բարեկեցությունն ու հարմարավետությունը։ Թեեւ այդ ժամանակաշրջանում խորհրդային նախագիծը աստիճանաբար բացահայտում էր իր սնանկությունը, բայց նույնիսկ այդ ճգնաժամի մեջ ծնվեց մշակութային բարձրարժեքներ։

Այսօրվա իրավիճակը նման է Եվրոպայի՝ 19-20-րդ դարերի սահմանագծում ապրած ճգնաժամին, որն ի վերջո հանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Մենք ապրում ենք հավատի եւ ինքնության ճգնաժամի, որն իբրեւ թե չի հանգեցնում մշակութային բումի։ Կարծում եմ, խնդիրն այն է, որ մենք ապրում ենք արտաքուստ հեշտ թվացող լուծումների շրջան։ Մեզ առաջարկվում են Իլոն Մասկի նման մարդկանց խոստումները՝ տեղափոխվել Մարս եւ այնտեղ երջանիկ կյանք ապահովել։ Իրական սիրո, բարեկամության եւ գիտելիքի փոխարեն մեզ տրվում են «ավատարներ»։

Իսկ բարձր մշակույթը, ցանկացած արժեք ընդհանրապես, ստեղծվում է խոնարհ սրտով եւ տառապանքով։ Թեեւ արվեստի բարձրարժեք գործերն անշուշտ շարունակվում են ստեղծվել, բայց վերը նկարագրած մշակութային «բում», «ոսկե դար» կամ «արծաթե դար» հաստատ չի նկատվում։

Միակ բանը, որում մենք անգերազանցելի ենք, Նիցշեի հիշատակած «չար կատակներն» ու «զրպարտություններն են», որոնք կոչված են իրար «բարոյապես ոչնչացնելուն»։ Սոցցանցային դարը նման լայն հնարավորություններ է տալիս։ Իրար հետ գրեթե չշփվող սնահավատների խմբերը ընդունակ են միայն փոխադարձ ատելության։ Եվրոպան, մասնավորապես, ապրում է «մեռնող լիբերալիզմի» ժամանակներ, ինչպես Սովետը 70-ականներին՝ մեռնող կոմունիզմի շրջան։