Արմեն Ճուղուրյանի եւ Ատոմ Մխիթարյանի համահեղինակությամբ հրատարակվել է նոր ուսումնամեթոդական ձեռնարկ, որը նվիրված է գիտական հետազոտությունների մեթոդաբանությանը եւ գիտաչափությանը։
Այս նախագծի հիմնական մղումը համալսարանական կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի աճող կարեւորությունն է։ Համալսարանական կրթության համատեքստում հետազոտական աշխատանքները ուսանողների մոտ զարգացնում են քննադատական մտածողություն եւ ստեղծարար հմտություններ։ Հենց այս հիմնարար հմտությունները փոխանցելու նպատակով էլ եւ ստեղծվել է ձեռնարկը։
Այն ընթերցողին կներկայացնի հետազոտական հմտությունների ամբողջական շարք, որը սկսվում է գիտական հոդվածի հրատարակման եւ ատենախոսության պաշտպանության նախապատրաստումից մինչեւ գիտաժողովներին մասնակցելու եւ գիտական վարկածների ձեւավորման կանոնները։
Չնայած ձեռնարկը հիմնականում նախատեսված է ուսանողների համար, որոնք իրենց առաջին քայլերն են անում հետազոտության ճանապարհին, այն կարող է օգտակար լինել նաեւ փորձառու գիտնականների համար։ Ձեռնարկում հատուկ ուշադրություն է դարձվում գիտաչափության մեկնաբանություններին, ներառյալ Հիրշի ինդեքսի եւ այլ հիմնական ցուցանիշների վերլուծությունը, որոնք, ինչպես նշվում է, նորույթ են նաեւ փորձառու գիտնականների համար։
Հեղինակները հատուկ շեշտադրում են հետազոտական վարկածների ձեւավորման եւ վերլուծության կարեւորությունը։ Նրանց կարծիքով, այս հմտությունների ճիշտ կիրառումը երիտասարդ հետազոտողներին կօգնի ճիշտ կողմնորոշվել հետազոտական ոլորտում եւ արդյունավետ մասնակցել գիտական համայնքի կյանքին։ Ձեռնարկը կներկայացնի նաեւ գիտական քննարկումներին եւ ատենախոսության պաշտպանություններին նախապատրաստվելու, ինչպես նաեւ գիտական շնորհանդեսներ կազմակերպելու եւ դրանք գիտական համայնքի ուշադրության կենտրոնում դարձնելու կանոնները։
Ըստ հեղինակների՝ ձեռնարկի ընթերցումը կօգնի ուսանողներին էապես բարձրացնելու իրենց հետազոտական աշխատանքների արդյունավետությունը՝ ստեղծագործելով գիտագործնական արդիական կարողություններ եւ գիտաչափական հմտություններ։