Ադրբեջանական գերությունից վերադարձած արցախցի Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա վիճակը պահանջում է շարունակական վերահսկողություն և հավելյալ հետազոտություններ։
Հունվարի 22-ին տեղեկացվել էր, որ Վագիֆ Խաչատրյանին հաջողությամբ են վիրահատել։ Նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նրա վիճակը գնահատվում էր որպես բավարար։
«Որոշ ժամանակ հետո նրան ստուգման է պետք գնալ, և այդ ժամանակահատվածում նա պետք է գտնվի բժշկական վերահսկողության ներքո։ Ներկայումս նա դեղեր է ընդունում, և ընդհանուր առմամբ վիճակը բավարար է։ Մենք, որ նրան տեսնում ենք մեր կողքին, դա համարում ենք լավ նշան։ Բժիշկները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են սրտի հետ կապված խնդրի վրա, սակայն ընթացքում պետք է անցնի նաև այլ հետազոտություններ։ Թոքերի հետ կապված խնդիր էլ կա, որը սրտի անբավարարության հետևանք է։ Այս խնդիրը ևս պետք է ստուգվի»,- նշեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ բժիշկները լիարժեք բուժում են իրականացնում և ցուցաբերում բարձր որակավորում։
Վերա Խաչատրյանը նաև հայտնեց, որ վիրահատությունը կատարվել է պետպատվերի շրջանակում։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը, որը 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից էր առևանգվել անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, 2023 թվականի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ իբրև հանցավոր խումբի անդամ, որը մասնակցել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Մեշալի գյուղի դեմ հանցագործություններին։ 2025 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանը նրան փոխանցեց Հայաստանին՝ 4 գերի հետ միասին։