Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելի և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին առնչվող հարցերը։
Վարչապետը կարևորել է ապահովագրական ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումը՝ որպես ոլորտի հետևողական զարգացման կարևոր գործոն։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը մեր երկրում։
Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում՝ նշելով, որ ընկերությունը շահագրգիռ է մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ ընկերությունը արդյունավետ կերպով համագործակցում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ և պատրաստ է շարունակել քննարկումները՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։