Հունվարի 27-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարների դեպքի վայրում, որտեղ աշխատում էին ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները, հարսանեկան արարողություն էր անցնում։
Ավտովթարներն առաջացել էին Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր ճանապարհի մի քանի հատվածում՝ մերկասառույցի պատճառով։ Ժամը 11։00-ի սահմաններում բախվել էին մի քանի ավտոմեքենա։
Դեպքի վայրին առաջիններն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ էին կատարել և համայնքային ոստիկանների հետ պարզում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարների հետևանքով վիրավորվել էր մոտ 10 հոգի։ Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել էր մասամբ դանդաղընթաց։ Ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ էր։
Տեղի ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից հիվանդանոց էր մեկնել քննչական խումբը։ Քննիչները և պարեկները շարունակում էին իրենց աշխատանքը՝ պարզելով դեպքի բոլոր հանգամանքները։