ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի հարավում գտնվող Շվանիձոր-Նռնաձոր հողային ճանապարհի շինարարությունը կավարտվի 2026 թվականի մարտին։
Ըստ նախարարության տեղեկացման՝ ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլի ավարտը նախատեսված է մարտի 9-ին։ Այս փուլում իրականացվում են հողային և արհեստական կառուցվածքների շինարարության աշխատանքները։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Նռնաձոր գյուղ տանող նոր (հողային) ճանապարհը կառուցվելու է մինչև 2025 թվականի ավարտը։ Կապալառու «ԱՄՎ Պարտներ» ընկերության ղեկավար Արմեն Մինասյանն էլ հայտնել էր, որ իրենք մտադիր են աշխատանքները ավարտել մինչև դեկտեմբերի վերջ։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ։ Ճանապարհը, որը կապում է Շվանիձորը Նռնաձոր գյուղի հետ, ունի 8.5 կիլոմետր երկարություն։ Գործող ճանապարհը, որը հիմնված է նախկին երկաթուղու վրա, գտնվում է ոչ բարվոք վիճակում։