Օրերս խմբագրություն էր դիմել քաղաքացի Դավիթ Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ «Ucom» ընկերության կողմից իրականացվում են համակարգային խախտումներ, որոնք արտահայտվում են ոչ իրավաչափ դրամական գանձումներով և կապի ծառայությունների անբավարար որակով։

Խնդիրը, ըստ Դավիթ Գաբրիելյանի, սկսվել է 2025 թվականի դեկտեմբերի 7-ից, երբ նա ստացել է նոյեմբեր ամսվա հաշիվը, որի գումարը զգալիորեն գերազանցում էր նրա սակագնային փաթեթի արժեքը։ Ավելին, նույն ամսին նրա հեռախոսահամարը մի քանի անգամ ամբողջությամբ անջատվել է։

«Ucom» ընկերության սպասարկման ծառայությանը դիմելուց հետո Դավիթին տեղեկացրել են, որ առկա է տեխնիկական խափանում, որի հետևանքով անսահմանափակ ինտերնետ ունենալու պայմաններում ինտերնետ տրաֆիկը սխալ կերպով հաշվարկվում և գանձվում է հիմնական հաշվեկշռից։ Ընկերությունը խնդիրը ճանաչել է, սակայն, ըստ Դավիթի, փաստացի որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկվում խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Նույնաբովանդակ խնդրով խմբագրություն էին դիմել նաև ուրիշ երեք քաղաքացիներ։

Հարցի վերաբերյալ պարզաբանում պահանջելով «Ucom» ընկերությունից՝ նրանք ստացել են պատասխան նամակ, որում հայտարարվում էր, որ խնդիրը կարգավորվել է, գեներացված գումարները չեղակվել են, իսկ հետագա գանձումները՝ ենթակա կլինեն չեղարկման։

Խմբագրությունը կրկին կապ է հաստատել Դավիթ Գաբրիելյանի հետ, ով հաստատել է ընկերության պատասխանը և ձևավորված պարտքի չեղարկումը։

Սակայն մի քանի օր անց Դավիթը կրկին դիմել է խմբագրությանը՝ տեղեկացնելով, որ իր հաշվից շարունակվում են գումարի գանձումները։