ՀՀ Կառավարության կողմից ֆինանսավորվող ԿԳՄՍ նախարարությունը տարեսկզբին դրամաշնորհ է հատկացրել «Բադակտուց փրոդաքշըն» ՍՊԸ-ին։
Այս իրավաբանական անձը գրանցվել է 2022 թվականի հունվարին և պատկանում է Զաքարի Դեմիրճյանին։ Պայմանագրի համաձայն՝ «Բադակտուց»-ին հատկացված գումարը կազմում է 4 միլիոն 625 հազար դրամ։
Դրամաշնորհի նպատակը, ինչպես նշված է պայմանագրում, «կազմակերպության կողմից 2025 թվականի հունիսին Անսիի անիմացիոն ֆիլմերի և հոկտեմբերին Բուխարեստի Անիմեստ անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոններին մասնակցած մշակույթի գործիչներին խրախուսման համար սահմանված գումարի տրամադրումն է»։
Պայմանագրում բացակայում են մի քանի կարևոր մանրամասներ։ Չի նշվում, թե ինչու է ԿԳՄՍ նախարարությունը խրախուսման գործընթացը միջնորդավորում, ինչպես նաև՝ ովքե՞ր են այդ մշակութային գործիչները և քանի՞ հոգի է ներառված։
Նմանատիպ դրամաշնորհ՝ 2 միլիոն 125 հազար դրամի չափով, նույն ՍՊԸ-ին տրվել էր նաև նախորդ տարեվերջին։