Երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում տեղի ունեցավ խոշոր ավտովթար, որի հետևանքով տուժել է 4 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ։
Բախվել են «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ վիրավորներին օպերատիվորեն տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենաներից դուրս են բերել երկու վիրավորի։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայ Գևորգյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները՝ Սևակ Միրզախանյանը և Խաչիկ Զաքարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ, սկսել են վթարի փաստով քրեական վարույթ։ Նրանք պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննչականի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։