ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը, որով լուծարվում է Հայաստանի զինված ուժերում գործող գնդերեցների գունդը, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ամբողջությամբ համապատասխանում է գործող իշխանության քաղաքականությանը։
Պատգամավորի խոսքով՝ այս քաղաքականությունը իրականացնում է «վայրագ, անօրինական եւ բազմաթիվ բռնություններով լեցուն» գործողություններ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Նա նշում է, որ որոշումը ունի իր ակնհայտ կողմնորոշումը։
Գեղամ Մանուկյանը հիշեցնում է, որ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնց համաձայն՝ գնդերեցներին ստիպում էին դուրս գալ հոգևոր առաջնորդ Գարեգին Սրբազանի դեմ՝ միանալով տիրադավ եպիսկոպոսների արշավին։
Պատգամավորը նաեւ հիշեցնում է, որ գնդերեցները, ինչպես հայրենիքի պաշտպանության ժամանակ՝ զինվորների հետ, այս դեպքում էլ չեն ընկրկել։ Նրա խոսքով՝ Սուրեն Պապիկյանը, «տմարդի որոշմամբ», փորձ է արել վրեժ լուծել այն գնդերեցներից, որոնք չեն միացել այդ աղանդավորական շարժմանը։
Գեղամ Մանուկյանը նշում է, որ առաջարկվող «կանոնակարգումները» իրենց էությամբ ոչ թե կանոնակարգում էին գնդերեցների գործունեությունը, այլ ուղղակիորեն սահմանափակում եւ ոտնահարում էին նրանց բոլոր իրավունքները։ Ըստ նրա՝ այդ կանոնակարգումներով գնդերեցները պարտավոր էին լինելու հրամանատարների հրամանով դեմ դուրս գալ Վեհափառին, եւ հակառակ դեպքում կհամարվեին զինվորական կարգազանցներ։
Պատգամավորը վստահ է, որ նման պայմաններում ոչ մի գնդերեց այսօր պատրաստ չի լինելու ծառայություն մատուցել ՀՀ զինված ուժերում։
Հիշեցնենք, որ գնդերեցների գունդը ստեղծվել է 1997 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ փոխհամաձայնության հուշագիր ստորագրելուց հետո։ Այդ գունդը ստեղծվել էր նպատակ ունենալով կանխել աղանդավորական շարժումների բացասական ազդեցությունը զինված ուժերում։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Սուրեն Պապիկյանի որոշումը, փաստորեն, ջնջում է ՀՀ զինված ուժերի մի ամբողջ էջ, եւ նա նշում է, որ այն խախտում է ՀՀ մի շարք օրենքներ եւ ունի լուրջ հակաիրավականության հիմքեր։