Այսօր Քննչական կոմիտեում հարցաքննության են ենթարկվել եւ մեղադրվել են «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի համաձայն։ Հարցաքննության են ենթարկվել Նաթան սրբազանը եւ Մուշեղ սրբազանը։
Երկուսի նկատմամբ էլ կիրառվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք։
Հարցին՝ արդյո՞ք այս ամենը նպատակ ունի խանգարել Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին, Նաթան սրբազանը պատասխանեց․ «Չգիտեմ։ Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել, սիրելիներս»։ Նա նաեւ հստակեցրեց, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը կարգալույծ անելու որոշում չի կայացրել։ Նման որոշում կայացնելը, սրբազանի խոսքով, Կաթողիկոսի մենաշնորհն է։ «Եվ որեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման տնօրինություններն ու որոշումները չեղարկի կամ միջամտի»։
Նրա փաստաբանը հայտարարեց, որ մեղադրանքը պաշտպանական կողմի համար պարզ չէ, եւ խափանման միջոցի հարցը կբողոքարկվի։
Մուշեղ սրբազանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը լրագրողներին փոխանցեց, որ իրենց պաշտպանյալը ի պաշտոնե եւ բարձր հոգեւորական ծառայության դիրքից ելնելով հաճախ է բացակայում։ Նրա խոսքով՝ քանի որ նրան մեղադրվող արարքն էլ ծանր հանցանք չէ, ուստի երկրից բացակայելու արգելք կարող էր չկիրառվել։
Փաստաբաններն ապօրինի են որակում իրենց պաշտպանյալներին մեղսագրվող արարքը եւ համարում են, որ սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու գործերին։ Նրանց կարծիքով՝ ոչ մի քաղաքացիական կամ այլ մասնագիտացված դատարան չէր կարող միջանկյալ կամ վերջնական դատական ակտ կայացնել՝ դրանով լուծելով եկեղեցու ներքին կարգերին վերաբերվող հարցեր։
Հիշեցնենք, որ խնդրո առարկան Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի՝ թեմակալի պաշտոնից ազատումն ու կարգալույծ հռչակելն է։ Գերագույն հոգեւոր խորհուրդը Կաթողիկոսին առաջարկել է նման որոշում կայացնել։