Իրանի շուրջ լարված իրավիճակը, որին մասնակցում են ԱՄՆ-ը և Իսրայելը, Ադրբեջանին հանգստություն չի տալիս։ Այս մասին հարցազրույցում հայտնել է արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Իրավիճակն անկանխատեսելի է և դժվար է գնահատել այն սպառնալիքները և մարտահրավերները, որ կարող են ծագել»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ Ադրբեջանը, գտնվելով Ռուսաստանի և Իրանի միջև, փաստացի «զգում է իրեն երկու խոշոր հակամարտությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի և Իրանի շուրջ լարվածության, միջև սեղմված»։
Հաջիևը հստակեցրել է, որ պաշտոնական Բաքուն ԱՄՆ-ի առջև իր մտավախությունները չի բարձրացրել։ Նա հավաստիացրել է, որ այդ թեման քննարկելու համար Միացյալ Նահանգները «չի դիմել Ադրբեջանին»։
Այս հայտարարությունն արվում է այն պահին, երբ Ադրբեջանը և ԱՄԷ ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համատեղ կոմիտեի նիստի արձանագրություն։ ԱՄԷ-ն Պարսից ծոցի արաբական երկրներից առաջինն է միացել «Աբրահամյան համաձայնություններին» և Իսրայելի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին «արձանագրության» ստորագրումը, որը տեղի է ունեցել Աբու-Դաբիում, եթե ոչ ուղղակի, ապա քաղաքական առումով բավական թափանցիկ ազդակ է, թե Իրանի շուրջ լարված իրավիճակում Ադրբեջանը ո՞ր ճամբարին է հարում։
Հաջիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը որդեգրել է չեզոք կեցվածք և հարևան երկրի ներքին գործերին միջամտելու մտադրություն չունի, չնայած «վերջին օրերին կողմերի պաշտոնական ներկայացուցիչները մի քանի շփումներ են ունեցել»։ Այս հայտարարությունը կարելի է տեսնել որպես Բաքվի կողմից իր դիրքորոշման պաշտոնական հաստատում, որը հակադրվում է տարածաշրջանում աճող լարվածությանը։