Վարչական դատարաններում քննվող գործերի մեծ մասի հաջորդ դատական նիստը նշանակվել է 2027 թվականին։ Սա նշանակում է, որ դատարան դիմած անձինք պետք է սպասեն ևս մեկից մեկ ու կես տարի, երբեմն՝ ավելի շատ, որպեսզի իրենց գործը դատական քննության առնվի։ Օրինակ՝ այդ գործերից 51-ի համար դատական նիստի օր է նշանակվել 18-22 ամիս անց։ Եթե ստորադաս դատարանի վճիռը բեկանվի և ուղարկվի նոր քննության, ժամկետները երկարելու են առնվազն մեկ տարով։

Այս իրավիճակը դատական իշխանության անարդյունավետության արդյունքն է, որն ունի ուղիղ քաղաքական հետևանք։ Երբ դատարանները տարիներով չեն կարողանում լուծել վեճը, քաղաքացիների մոտ ձևավորվում է համոզմունք, որ դատարան դիմելն անիմաստ է, իսկ վարչական մարմինները գործում են գրեթե անպատիժ։ Վերաքննիչ վարչական դատարանում դատական նիստերի 1-1,5 տարվա ուշացումը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն, որը խորացնում է արդարադատության ճգնաժամը։

Ստեփանավանի հողամասի գործը՝ պատկերավոր օրինակ

2010 թվականի փետրվարին Վարչական դատարան դիմել էր Ն. Աղաջանյանը՝ Ստեփանավանի քաղաքապետի որոշումը, դրա հիման վրա կատարված առուվաճառքի պայմանագիրը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Գործի էությունը հետևյալն է․ Ստեփանավանի բնակիչ Ա. Քոչարյանը 2005 թվականին դիմել էր քաղաքապետին՝ խնդրելով աճուրդով ձեռք բերված 235 քմ հողամասին կից գտնվող անօգտագործելի 185 քմ հողամասն ուղղակի վաճառքով օտարել իրեն։ Քաղաքապետը վաճառել է հողատարածքը, կատարվել է պետական գրանցում։ Սակայն, վաճառված հողամասը Ն. Աղաջանյանի հողամասի հարևանությամբ է և հաշվառված է եղել այլ անձի անունով։

Դատական գործի նյութերի համաձայն՝ «անօգտագործելի» հողամասը տարիներ շարունակ մշակել և հարկերը վճարել է Ն. Աղաջանյանը։ Երբ նա դիմել է դատարան՝ իր սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջով, պարզել է, որ քաղաքապետն այն վաճառել է այլ քաղաքացու՝ առանց չափագրումների և իր հողամասից առանձնացնելու։

Փորձաքննությամբ պարզվել է, որ վաճառված 185 քմ հողամասից 122.1 քմ-ը համադրվում է Աղաջանյանների հողամասի հետ, հետևաբար քաղաքապետն այն չէր կարող վաճառել։

Գործի երկար և բարդ ուղին

Վարչական դատարանում գործը մոտ երկու տարի քննելուց հետո, 2012 թվականի հոկտեմբերին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն այդ օրը գործի քննությունը վերսկսվել է։ 2013 թվականի փետրվարին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն դարձյալ գործի քննությունը վերսկսվել է։ Այսպիսով, գործի քննությունը վերսկսվել է 2014 թվականի փետրվարին և սեպտեմբերին։ Ի վերջո, 2016 թվականի հունիսին՝ հայցադիմում ներկայացնելուց մոտ վեց տարի անց, գործով վճիռ է կայացվել։ Քաղաքացու հայցը մերժվել է, և նույն տարվա հուլիսին Ն. Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Գրեթե նույն կերպ վարվել է Վերաքննիչ վարչական դատարանը։ 2017 թվականի ապրիլին դատարանն ավարտել է գործի քննությունը և հեռացել վերջնական դատական ակտ կայացնելու համար, սակայն դատական ակտի հրապարակումը հետաձգվել է մեկ ամսով։ Ուսումնասիրելով գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները և շարունակել գործի համար նշանակություն ունեցող որոշ հանգամանքների պարզումը, ուստի գործի քննությունը ենթակա է վերսկսման։ Ի վերջո, որոշումը կայացրել է 2018 թվականի մարտին։

Բեկանումից հետո, ստացված գործը Վարչական դատարանը 2018 թվականի դեկտեմբերին կասեցրել է՝ նշանակվել է դատաշինարատեխնիկական փորձաքննություն։ Գործի քննությունը վերսկսել է 2023 թվականի հունիսին՝ 4,5 տարի անց։ Սակայն, 2024 թվականի մարտին գործը քննող դատավորը տեղափոխվել է այլ դատարան, և գործը մակագրվել է այլ դատավորի՝ քննությունը սկսելով սկզբից։

Այսպիսով, գործը, որը սկսվել էր 2010 թվականին, 2025 թվականի հուլիսին մասնակի բավարարվել է։ Ն. Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանը 2025 թվականի նոյեմբերին դատական նիստի օր է նշանակել 2027 թվականի փետրվարին՝ 15 ամիս անց։

Այս դեպքը վկայում է այն մասին, որ դատական համակարգի գերծանրաբեռնվածությունը, կադրային պակասը և կազմակերպչական խնդիրները չեն կարող արդարացնել դատական վարույթի ձգձգումը։ Դրանք պետք է լուծվեն, քանի