Երևան քաղաքում ձյան պատճառով ստեղծված ծանր եղանակային պայմանները բնակչության տեղաշարժը վերածել են իսկական դժոխմական ճանապարհի։ Շատ փողոցներում և մայթերում սառույցի հաստ շերտ է, որը բացառում է ավազի առկայությունը։ Քաղաքացիները ամեն օր բախվում են խնդրի՝ ժամերով սպասում են տրանսպորտին կամ պայքարում են մայթերի սառույցի հետ՝ ոտքով տեղից տեղ շարժվելու համար։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ քաղաքացիները պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները։ Նրա խոսքով՝ Երևանի տրանսպորտային համակարգում կոռուպցիայի մասշտաբները հասնում են միլիարդների։
«Այս չարիքը կավարտվի այն ժամանակ, երբ ՔՊ-ի վրա մենք «գերեզմանաքար» կդնենք ու կուղարկենք զիբիլանոց»,- ասաց Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ դա կհաջողվի 2026 թվականին։
Նրա կարծիքով՝ այս իշխանությունը չի սիրում Երևանը և երևանցիներին։ «Սրանք երևանցիներից «մուռ» են հանում, որովհետև իրենց որպես քաղաքային իշխանություն՝ չի ընտրել»,- ընդգծեց նա՝ նշելով, որ Երևանում իրենք պարտվել են, և գործ ունենք փոքրամասնությունների կոալիցիայի հետ, որի միակ նպատակն է գումարներն ուղղակի իրենց գրպաններն է լցնել։
Մանուկյանը նաև նշեց, որ խոսվում է միայն տրանսպորտի ուշանալու մասին, բայց մոռացվում է այն, որ Երևանում բացակայում են 600-ից ավելի կանգառներ։ «Երևան քաղաքի բյուջեն 400 մլն դոլար է, այս մարդիկ փոշիացնում են»,- ասաց նա՝ նկարագրելով իշխանություններին որպես «ոչ պրոֆեսիոնալ խմբակ՝ փայատիրական սկզբունքով»։
Երևանի ավագանու անդամը հստակեցրեց, որ մայթերի վրա աղի բացակայության պատասխանատուն ԵԱՍՄ-ն չէ։ «Ամեն ինչի որոշումը կայացվում է Արգիշտի 1 հասցեում։ Ինչ-որ հիմար միտք են արտահայտում, որ 1000 տոննա առել են, բա եթե այդքան գնել եք ու քիչ է եղել, թող 2000 տոննա առնեիք»,- ասաց Մանուկյանը՝ կասկածանք հայտնելով, թե արդյոք իշխանությունները իսկապես գնել են այդ աղը, թե՞ պարզապես թղթի վրա են դուրս գրել այդ գումարը։
Նրա խոսքով՝ երբ տնտեսվարողը տեսնում է, որ քաղաքային իշխանությունները թքած են ունենում իրենց պարտականությունների վրա, ապա նույնիսկ ինքն էլ սովորում է նույնպես թքած ունենալ։