Դեկտեմբերի 5-ի նիստում Դիլիջանի ավագանին միանշանակ որոշում է կայացրել՝ Դիլիջան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու Վազգեն Սիմոնի Գեւորկյանին։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու բոլոր 11 անդամը։
Սակայն այս որոշումը հարուցել է զարմանք, քանի որ նույնիսկ Դիլիջանի ավագանու անդամները, այդ թվում՝ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, չեն իմացել, թե ով է Վազգեն Գեւորկյանը։
Նիստի ընթացքում Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Վազգեն Գեւորկյանին՝ որպես «Գրինք Ռոք» կազմակերպության հիմնադիր, որը ֆինանսավորում է Դիլիջան քաղաքի մարզադպրոցը, նպաստում է համայնքի զարգացմանը եւ իրականացնում է ներդրումներ։
Համայնքի ղեկավարի ներկայացրած պատկերն ուղղակիորեն չի համապատասխանում իրականությանը։ «Գրինք Ռոք» ընկերության պաշտոնական կայքում, որպես հիմնադիր, նշված է Մարետա Գեւորկյանը, իսկ Վազգեն Գեւորկյանը, ամենայն հավանականությամբ, նրա մերձավոր ազգականն է։ Ընկերության կայքում նշված է, որ նրանք «իրականացնում են առեւտրային եւ սոցիալական նախաձեռնություններ՝ կայուն աճը, զբոսաշրջությունը եւ կյանքի որակը խթանելու համար»։ Նրանց առաջատար նախագիծը բազմաֆունկցիոնալ համալիր է, որը նախատեսված է ենթակառուցվածքային բացերը լրացնելու համար։ Ապագա ծրագրերից են նաեւ Art այգին եւ ժամանակակից համերգասրահը։
Այսպիսով, Դիլիջանի ավագանին պատվավոր կոչում է շնորհել մի անձի, որի մասին իրենք ոչինչ չէին գիտակցում, եւ որի գործունեությունը, ինչպես պարզվում է, ղեկավարում է մեկ այլ անձ։