Հարգելի՛ Ջեյմս Դեյվիդ Վենս,
Ձեր «Հիլբիլիի էլեգիա․ ընտանիքի և ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն» գրքում Ձեր ժողովրդի մասին գրված տողերը՝ «Խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն ընտանիքին և հայրենիքին», ինձ հիշեցնում են, որ մեր ժողովուրդներին, թեև բաժանում են օվկիանոսներ, միավորում են ընդհանուր արժեքներ։
Այս համատեքստում ես, որպես «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նամակով դիմում եմ Ձեզ՝ Ձեր Հայաստան կատարելիք այցի առիթով։ Որպեսզի Ձեր ուշադրությունը հրավիրվի այն խնդիրների վրա, որոնք իրապես հուզում են մեր հասարակությանը։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր և նախագահ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու համար, որի արդյունքում ստորագրվեց «TRIPP»-ը։ Սա ցույց տվեց, որ Ձեր վարչակազմը կարող է արդյունավետ լինել տարածաշրջանի խաղաղությունն ապահովելու գործում։
Սակայն, ցանկանում եմ հիշեցնել մի քանի առաջնային խնդիր, որոնք պետք է լինեն Ձեր այցի ընթացքում քննարկման օրակարգում։
1. Ադրբեջանում պահվող հայ գերիներ և պատանդներ։ Բաքվում անօրինական պահվում է 19 հայ քրիստոնյա։ Նրանց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Նրանց ճակատագրի հարցը պետք է լինի Ձեր առաջնահերթությունների մեջ։
2. Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 2021 թվականից ի վեր Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Սա ստեղծում է անվտանգության և սահմանային կայունության խնդիրներ մեր սահմանային բնակչության համար։
3. Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության բռնի տեղահանումը։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով 120,000 հայեր, որոնք բնակվում էին իրենց հազարամյա հայրենիքում, բռնի տեղահանվեցին։ Մենք ունենք ապացույցներ այս էթնիկ զտումների մասին։
Մենք պատրաստ ենք մեր կազմած փաթեթները, որոնք պարունակում են մանրամասն տեղեկություններ և ապացույցներ, փոխանցելու Ձեր թիմին։ Այս տվյալները կարող են օգտակար լինել Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ձևավորելու հարցում։
Մենք վստահ ենք, որ Ձեր և նախագահ Թրամփի համատեղ ջանքերը կարող են ոչ միայն կանխել ագրեսիան, այլև ազատել բոլոր գերիներին և վերականգնել խաղաղությունը։ Այս քայլը հազարավոր հայ ընտանիքներին կբերի հույս և կլինի հերոսական ակտ, որը մեր ժողովրդի պատմության էջերում կմնա հավերժ։
Մենք համոզված ենք, որ ԱՄՆ-ի ջանքերը, ուղղված Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս բերելուն և բռնի տեղահանված հայերի իրավունքները վերականգնելուն, կհանգեցնեն տարածաշրջանում հավերժական խաղաղության հաստատմանը։
Հայաստանը պատրաստ է լինել այդ ապագայի մաս՝ ոչ թե որպես խնդրող, այլ որպես լիիրավ գործընկեր։
Հարգանքով՝
Արման Թաթոյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար