Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հրապարակված զեկույցներում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման փաստը։

Ֆիննական ռազմական հետախուզության զեկույցում նշվում է, որ «Հարավային Կովկասում Ռուսաստանը կարևոր դերակատար է մնում՝ չնայած ազդեցության նվազմանը։ Այն կորցրել է իր դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արտաքին կարգավորող, և երկու երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները թուլացել են»։

Ուկրաինայի հետախուզությունը նույնպես նշում է, որ «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP) ռուսաստանին վերջապես զրկում է Հարավային Կովկասում հիմնական խաղացողի իր դիրքից։ Մինչ այժմ Մոսկվան իրեն դիրքավորել էր որպես տարածաշրջանի միակ կապող դերակատար»։

Ֆինլանդիայի մասով փորձագետը նշել է երկրի ՆԱՏՕ-ին անդամակցությունը և նրա «տհաճ հիշողությունները» ռուսների հետ կապված։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայում Ռուսաստանը, դրանից առաջ՝ Խորհրդային Միությունը, միշտ եղել է հետազոտության առարկա՝ պայմանավորված նրանով, որ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը Ֆինլանդիան գրեթե մեկ հարյուրամյակ Ռուսաստանի մաս էր։

Ըստ փորձագետի՝ Ուկրաինան, ռուս–ուկրաինական պատերազմի պայմաններում, բնականաբար հետևում է հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի հետ կապված ցանկացած զարգացման։ Նա նշեց, որ Ուկրաինայում հաճախ կա ընկալում, թե այն, ինչ վատ է Ռուսաստանի համար, ավտոմատ լավ է Ուկրաինայի համար, նույնիսկ եթե դա ուղղակի ազդեցություն չունի Ուկրաինայի վրա։

Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կարևոր է, քանի որ Ռուսաստանը կովկասյան պետություն է, քանի որ Հյուսիսային Կովկասը ՌԴ-ի մաս է կազմում։ 90-ականներին այդ տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմների և իսլամական արմատականացման թափանցման համատեքստում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու խողովակներից մեկը։ Այսօր, երբ Ռուսաստանը իր առևտրային շրջանառությունը փոխում է դեպի Գլոբալ Հարավ, Հարավային Կովկասը դառնում է դեպի Ասիա տանող առևտրային ճանապարհների հիմնական կետերից մեկը։ Հետևաբար, Ռուսաստանի դիրքի թուլացումը Հարավային Կովկասում և այնտեղ այնպիսի ուժերի ամրապնդումը, որոնք կարող են օգտագործել այդ տարածաշրջանը Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով, բնականաբար ուկրաինացիներին ձեռնտու է։