ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով փաստացի դադարեցվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության գործունեությունը զինված ուժերում։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ որոշումը խախտում է օրենքի մի քանի հոդվածներ և ունի բարոյահոգեբանական հետևանքներ։

Հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին՝ նախկին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա֊ի և նախկին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Դրա նպատակն էր զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի համաձայն, ինչպես նաև դաստիարակել զինվորներին քրիստոնեական-բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով։

Հոգևոր ծառայության կառուցվածքում էին մտնում ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդը և բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորները։ Գործունեության ընթացքում այն ներգրավել է 42 հոգևորական, որոնցից 8-ը ժամկետային զինծառայող էին, իսկ 34-ը՝ կամավոր Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ։

Սուրեն Պապիկյանի հրամանով այս հոգևորականներից միայն 8-ը կշարունակեն ծառայելու՝ որպես ժամկետային ծառայող՝ ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգում։ Մնացած 34 հոգևորականներն այլևս չեն ծառայելու զինված ուժերում։

Փաստաբան Արա Զոհրաբյանը նշում է, որ պաշտպանության նախարարը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Նա նաև ընդգծում է, որ նախարարը խախտել է նույնիսկ Հոգևոր ծառայության կանոնադրությունը, որի համաձայն այն լուծարվում է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և պաշտպանության նախարարի հրամանով, ինչը նշանակում է, որ նախարարը չէր կարող լուծարել այն միանձնյա։

Արա Զոհրաբյանը նշում է, որ այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ զինվորները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։ Փաստաբանը նշում է, որ այս իրադարձությունը ոչ թե իրավական, այլ բարոյահոգեբանական խնդիր է, քանի որ իշխանությունը իրականում թիրախավորում է Ազգային եկեղեցին։ Նա կարծում է, որ իշխանությունները փոխանակ ամեն ինչ անելու, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։