Իմ մասնակցությունը 168TV-ի «Զառան հարցեր ունի» հաղորդաշարին, որտեղ հյուրը եղել է Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գործադիր տնօրենի նախկին տեղակալ, իրացման բաժնի տնօրեն, «Մեր ձևով» շարժման անդամ Դավիթ Ղազինյանը, նվիրված էր մի քանի հրատապ հարցերի քննարկմանը՝ ՀԷՑ-ի շուրջ ընթացող իրադարձությունների, իշխանությունների գործողությունների և հայկական քաղաքականության ներկայիս վիճակի վերաբերյալ։
ՀԷՑ-ի գործով արբիտրաժային որոշման կատարումը
Սկզբում խոսքը դարձավ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությանը՝ արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժի մասին։ Ես պետք է հստակեցնեմ, որ իշխանությունների կողմից տարածվող տեղեկատվությունը, թե արտակարգ արբիտրի տրիբունալն ամբողջությամբ մերժել է Կարապետյանների բոլոր պահանջները, սխալ է։ Իրականում, արտակարգ արբիտրի միջնակարգ որոշումը, որը պետք է վաղուց կատարվեր, վերահաստատվել է և պարտադիր կատարման ենթակա է համարվել։
Այս որոշման կատարման հետ կապված, ես նշեցի, որ եթե այն կատարվեր, ժամանակավոր կառավարիչի՝ Ռոմանոս Պետրոսյանի, բոլոր գործողությունները պետք է կասեցվեին մինչև վեճի վերջնական քննության ավարտը։ Սա անհրաժեշտ է, քանի որ եթե վեճի արդյունքում պարզվի, որ կառավարիչը կատարել է անօրինական գործողություններ, ապա ո՞վ կփոխհատուցի այդ վնասը։
Լավագույն և վատագույն սցենարներ
Հարցին՝ ի՞նչ է վատագույն սցենարը, որին սպասում եմ, ես պատասխանեցի, որ այն կառավարիչի կողմից լուրջ վնաս պատճառելն է։ Իսկ լավագույն լուծումը, ըստ իմ համոզմունքի, Սահմանադրական դատարանի որոշումն է՝ Էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխությունները համարել հակասահմանադրական և պրոցեսը վերադարձնել ստատուս-քվոյի։
Էներգետիկ համագործակցության հեռանկարները
Հաջորդ թեմա Էներգետիկ համագործակցության հնարավորությունն էր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան։ Որպես ոլորտի մասնագետ, ես հստակեցրի, որ թեև կոմունիկացիաները տնտեսության զարգացման համար կարևոր են, բայց խոսել թշնամական պետության հետ անվտանգության ոլորտում համագործակցելու մասին, հատկապես միասնական համակարգի մասին, անհեռատես քայլ է։ Այսպիսի քայլը կարող է համարվել դավաճանական, մինչև որ չկա իրական խաղաղություն և խաղաղության պայմանագիր, որը երաշխավորված է գերտերություններով։
ՀԷՑ-ի «խլման» նպատակները
Ես նաև անդրադարձա ՀԷՑ-ի շուրջ կատարվող իրադարձությունների իրական նպատակներին։ Ըստ իմ վերլուծության՝ դրանք մի քանի են․
1. Սամվել Կարապետյանին ստիպել բանակցությունների գալ։
2. ՀԷՑ-ը քաղաքականացնել։ Պետական, մեծ ռեսուրսներ ունեցող կառույցը, որը իշխանություններին անհրաժեշտ է իրենց կադրային ռեսուրսների համար։
3. Հնարավոր է՝ ՀԷՑ-ը ներգրավել «բարեկամական» պրոցեսներում։ Ինքն է արտերկրի հետ կապերը պահում՝ հոսանքի ներմուծման և արտահանման առումով։
Իրավական պրոցեսները
Խոսքը դարձավ նաև իմ և իմ գործընկերների դեմ հարուցված իրավական գործերի մասին։ Ես նշեցի, որ առաջին ատյանում հաղթել եմ՝ աշխատանքից ազատելու հայցով, սակայն վերականգնումը դատարանը համարել է անհնար։ Ինչևէ, դատարանի վճռում նշված է, որ հրամանը օրինական չէ, ինչը նշանակում է, որ կառավարչի սխալի պատճառով ՀԷՑ-ը պետք է մեծ փոխհատուցում տա, ինչը, ըստ էության, բոլոր քաղաքացիների վրա կընկնի։
Ընտրություններ և իշխանափոխության հեռանկարը
Վերջում խոսքը դարձավ նախընտրական իրադարձություններին։ Ես հստակեցրի, որ մեր շարժումը՝ «Մեր ձևով», փետրվարի 12-ին կհայտարարի իր թեկնածուի անունը։ Ինչպես նշեցի, ունենք համոզմունք, որ այս իշխանությունը հունիսի 8-ին չի լինելու։ Իմ կարծիքով՝ իշխանությունների կողմից մեր ուժի թիրախավորումը և նյարդայնացումը ցույց են տալիս նրանց թուլությունը։
Ի վերջո, ես նշեցի, որ Սամվել Կարապետյանը ոչ միայն մեր թեկնածու է, այլև ամբողջ պրոցեսի գարանտը և պատասխանատուն։