Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկու երկրների միջև հարաբերությունները, որոնք դարեր շարունակ ձևավորվել են Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև մրցակցության պատմության վրա, հիմա ենթարկվում են բարդ և բազմաշերտ փոփոխությունների։

Այս համատեքստում հատկապես նշանակություն ունեն վերջին ամիսների իրադարձությունները։ Իսրայելի և Իրանի միջև հարվածների փոխանակումից հետո Թուրքիան հայտարարել է «սիոնիստական ռեժիմի» հետ առևտրատնտեսական կապերի խզման մասին, իսկ նոյեմբերին Սպիտակ տունը պատժամիջոցների ցանկում ընդգրկել է մի քանի թուրքական ընկերություն՝ իբրև իրանցիների կողմից երկակի նշանակության տեխնոլոգիաների ձեռքբերմանը նպաստելու համար։

Այս ֆոնին Թուրքիայի բարձր մակարդակի պատվիրակության այցի հիմնական նպատակը դարձել է երկու երկրների նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանիի նախագահությամբ համագործակցության բարձրագույն խորհրդի 9-րդ նիստի նախապատրաստումը։ Ընթացքում նախատեսվում է ստորագրել կարևոր փաստաթղթեր տնտեսության, առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Այցի ընթացքում տեղի են եղել բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանիի, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանիի և խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆի հետ։

Իրանի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ «Իրանն ու Թուրքիան եղբայրներ են»։ Նա նաև կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման հասնելու համար սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես այն պայմաններում, երբ «մուսուլման ժողովուրդների ընդհանուր թշնամիները մեծացնում են ճնշումը»։

Բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ մամուլի ասուլիսում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ երկու երկրները «տրամադրված են ակտիվորեն աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ»։ Կողմերը նաև լիակատար հարգանք են դրսևորել Սիրիայի և Լիբանանի ազգային ինքնիշխանության նկատմամբ և խստորեն դատապարտել Իսրայելի ագրեսիան այդ երկրների նկատմամբ։