Նոր մեկնարկած տարին՝ 2026-ը, սկսվեց ոչ թե քաղաքական երկխոսություններով, այլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային քայլերով և հայտարարություններով, որոնք նորից աշխարհին դրեցին սուր իրադարձությունների եզրին։
Ամերիկացի առաջնորդը տարեսկզբի իր գործողություններն սկսեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ գերեվարումով և ԱՄՆ տեղափոխմամբ։ Սակայն դա միայն սկիզբն էր։ Թրամփը հայտարարեց մի քանի երկրին Վենեսուելայի «օրինակով պատժելու մասին», Իրանին համարյա պատերազմի ակնարկ արեց և կրկին պնդեց, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին՝ փաստորեն հայտարարելով կղզու զավթման մասին։
Այս հայտարարությունից անմիջապես հետո Բալթյան երեք երկրների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ներկայացուցիչները համակարգված հայտարարություններ տարածեցին՝ աջակցելով Դանիայի և Գրենլանդիայի դիրքորոշմանը։ Նրանք ընդգծեցին, որ Գրենլանդիայի վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Կոպենհագենում և գրենլանդացիների կողմից։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը նշեց, որ Դանիան ուժեղ ժողովրդավարական պետություն է և ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակից, իսկ Գրենլանդիան՝ այդ պետության անբաժանելի մաս։ Նա նաև ընդգծեց, որ նման հարցերը պետք է լուծվեն դաշնակիցների միջև ուղիղ երկխոսության միջոցով, այլ ոչ թե միակողմանի հայտարարություններով։
Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն ընդգծեց միջազգային իրավունքի սկզբունքները՝ նշելով, որ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը համաշխարհային կայունության հիմքն է։ Նա ընդգծեց, որ Դանիան և Գրենլանդիան ինքնենք են որոշում իրենց քաղաքականությունն ու ապագան։
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան նույնպես հայտնել են, որ Գրենլանդիայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող կայացվել առանց Գրենլանդիայի և Դանիայի համաձայնության։
Լիտվան նույնպես միացել է այս դիրքորոշմանը։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հիշեցրել է, որ Գրենլանդիան Դանիայի մաս է կազմում, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Նրա խոսքով՝ կղզու վերաբերյալ բոլոր քննարկումները վերաբերում են տրանսատլանտյան անվտանգությանը, սակայն ցանկացած որոշում կարող է կայացվել միայն Կոպենհագենում և Նուուկում (Գրենլանդիայի մայրաքաղաք), և ոչ թե դրանցից դուրս։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլլերը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմի պաշտոնական դիրքորոշումն է եղել, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս։