Հայաստանի կառավարությունը, որը ձգտում է Վաշինգտոնի հետ համագործակցության շրջանակում Սյունիքում ձևավորվող ճանապարհը կոչել Դոնալդ Թրամփի անունով, հանդիպում է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերի հետ, որոնք շարունակում են միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել «Զանգեզուրի միջանցք» տերմինի վրա՝ այն ամրապնդելով որպես հիմնական անվանում։
Այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային խորհրդի նիստում։ Նա համեմատել է բեռների տեղափոխման ժամանակը ծովային ճանապարհով (Սուեզի ջրանցքով) և Միջին միջանցքով։ Ըստ նրա՝ Չինաստանից դուրս եկած բեռի՝ Լոնդոն հասնելու համար ծովային ճանապարհով անցնում է 35-45 օր, մինչդեռ երկաթուղու միջոցով՝ «Զանգեզուրի միջանցքով», այդ ընթացքը կկազմի ընդամենը 18 օր։
Ուրալօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ավարտել է Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունը և այս տարի կիրականացնի Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի վրայով անցնող գծի մրցույթը, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» մրցույթը։ Նրա խոսքով՝ այս միջանցքի միջոցով կապը կապահովվի «թյուրքական աշխարհի» հետ։
Այս իրադարձությունները ընդգծում են Հայաստանի կառավարության և թուրք-ադրբեջանական կողմի միջև առկա լեզվական և քաղաքական հակասությունը։ Թեև Երևանը փորձում է ներկայացնել այս հաղորդուղին որպես «տրանսպորտային ճանապարհ», «տրանզիտային երթուղի» կամ նույնիսկ TRIPP անվանումով, նրա ջանքերը չեն կարողացել մրցակցել Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ կիրառած և միջազգային հանրության մոտ ամրապնդված «Զանգեզուրի միջանցք» տերմինաբանության հետ։
Հատկանշական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հրաժարվում «միջանցք» տերմինաբանությունից, որը միջազգային հարաբերություններում ունի հստակ քաղաքական ենթատեքստ՝ ենթադրելով հատուկ ռեժիմ, անարգել անցում և հաճախ՝ վերահսկողության սահմանափակում։ Թեև Հայաստանը պնդում է, որ միջանցք չկա, և փաստաթղթերը նման տրամաբանություն չեն ենթադրում, Բաքու-Անկարա տանդեմի հիմնական ուղերձը շարունակում է մնալ անփոփոխ՝ «Զանգեզուրի միջանցքը» դիտարկելով որպես «թյուրքական աշխարհի» փոխկապակցվածության անբաժանելի մաս։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անվանումը դարձել է ոչ թե պարզապես գեոգրաֆիկ նշանակություն, այլ քաղաքական դիրքորոշում և ռեգիոնալ հավակնություն։ Երևանի կողմից անվանման փոփոխության փորձերը չեն կարողացել փոխել միջազգային ընկալման բովանդակությունը, որը, որքան էլ պաշտոնական հայկական կողմը փորձում է շեշտադրել ինքնիշխանության և սահմանային վերահսկողության պահպանմանը, միջազգային հանրության մոտ ամրապնդված է որպես «Զանգեզուրի միջանցք»։