Այսօրվա Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանների ընթացքը լսելուց հետո ես սարսափում եմ՝ մենք ինչ խոր ու անելանելի փոսի մեջ ենք հայտնվել։ Իշխանավորներից, որոնք անդաստիարակ, բռի, տգետ, պոռոտախոս ու միաժամանակ ինքնահիացումի մեջ են գտնվում, պրծում լինելու՞ է օրը։ Գալու՞ է այն պահը, երբ օրենք ու իրավունք ճանաչող, սեփական լեզվի վրա կապ դնելու ունակ, իր իրավասություններն ու պարտականություններն իմացող մարդ կղեկավարի մեր երկիրը։ Թե՞ մեզ բախտ է վիճակված լեզուն մտքից առաջ ընկած, ամեն նախադասությամբ օրենք խախտող վարչապետի գոյության հետ հաշտվել ու տառապել։
Նիկոլ Փաշինյանի այդ հիվանդությունը, որը նախկինների «կրակն» անշեջ պահելու նպատակ ունի, պարզվում է, նաև վարակիչ է։ Հիմա արդեն ողջ թիմն է խոսում նախկիններից։ Արարատ Միրզոյանն իրեն համարում է թույն ԱԳ նախարար և Վարդան Օսկանյանին է ծաղրում, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցնում են՝ ինչու՞ են այսքան տարբեր սակագներ սահմանել առողջապահական ծառայությունների համար։ Հիշում են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին, Ժաննա Անդրեասյանին հարցնում են դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից, ասում են՝ 17 թվի համեմատ էսքան փող ավել ենք ծախսել սպորտի վրա։
Ուր էր թե իրենց թվարկված մարդկանց չափ խելք ու նվիրվածություն ունենային իրենց գործին։ 2 բան են անում սրանք 8 տարի շարունակ՝ մրցում են նախկինների հետ ու իրենց մեղքը նրանց վրա են բարդում։ Հարցնում են՝ Ամանորի տոներին հազարավոր բնակիչներ հոսանք չունեին, ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելը բացասաբար է ազդել բնակչության էներգապահովման վրա, կառավարության ղեկավարն ասում է՝ ՀԷՑ-ի նախկին սեփականատերն է մեղավոր (այն սեփականատերը, որից 7 ամիս առաջ խլել են ընկերությունը)։
8 տարի «նախկինների» տակ թաքնված Փաշինյանը չի գաղտնազերծում, թե ո՞ր պահից է սկսվելու իր պատասխանատվության պահը։ Ո՞ր պահից սկսած է ինքը պատասխան տալու պարտությունների, ձախողումների, կորուստների, վթարների համար։ Մենք, որ 30-40 տարի ապրել ենք այս երկրում, չենք հիշում, որ 90-ականների ծանր շրջանում Տեր-Պետրոսյանի իշխանությունը գեթ մեկ անգամ իր անհաջողությունները, մութն ու ցուրտը, պակաս-պռատը բացատրեր սովետական իշխանության սխալներով։ Կամ՝ Ռոբերտ Քոչարյանն իր բացթողումների մեղքը գցեր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, Սերժ Սարգսյանն արդարանար, թե Քոչարյանն է ինձ վատ երկիր ժառանգել։ Սրանք մի կողմից հանրության պատմական հիշողությունն են փորձում ջնջել, մյուս կողմից նախկին իշխանությունների մասին մեկ վայրկյան անգամ չեն մոռանում ու մեզ էլ չեն թողնում մոռանանք։