Անցած տարին, 2025 թվականը, աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ և միևնույն ժամանակ՝ անցումային փուլի տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ Այս կարծիքը, որը ես ամփոփում եմ տարվա ընթացքում տեղի ունեցած միջազգային և ռեգիոնալ միտումների հիման վրա, հիմնված է ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի դիտարկումների վրա։
Չնայած ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուն և Ուկրաինայի հարցում ակտիվ ներգրավվածությանը, ընդհանուր միտումները շարունակեցին զարգանալ իրենց ընթացքով։ Թեև տարվա ընթացքում տեղի էին գալիս բանակցությունների դադարներ, որոնք ստեղծում էին տպավորություն, թե հնարավոր է հասնել համաձայնության, Ռուսաստանը զուգահեռաբար շարունակում էր առաջ գնալ ռազմական գործողությունների ընթացքում՝ նոր տարածքներ վերցնելով։ Եթե չլիներ Եվրոպայի կողմից ցուցաբերվող դիմադրությունը, ապա, Սիմոնովի կարծիքով, հնարավոր կլիներ խաղաղության հաստատում։
Արևմտյան առաջնորդների քաղաքականությունը, նրա խոսքով, ուղղված էր ոչ թե հարցի լուծմանը, այլ պատերազմի երկարաձգմանը և ավելի լայնածավալ գործողությունների պատրաստվելուն։ Այս գործընթացը, Սիմոնովի համոզմամբ, շարունակվելու է։
Արևմուտքի ակտիվ քաղաքականությունը, նրա կարծիքով, դրսևորվեց նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ռեգիոններում։ Այն ուղղված էր Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելուն և սեփական ազդեցությունը՝ ամրապնդելուն։ Այս ամենի վերջնական նպատակը, Սիմոնովի խոսքով, ազդեցության անշրջելի դարձնելն է՝ կառուցվածքային փոփոխությունների միջոցով։ Ռուսաստանը, իր հերթին, շարունակում էր աշխատել այդ ուղղությամբ, սակայն ավելի սահմանափակ ռեսուրսներով, քանի որ իր դիվանագիտական և ռազմական ներուժի հիմնական մասը ուղղված էր Ուկրաինայի հարցի լուծմանը։
Եթե Ռուսաստանին հաջողվի 2026 թվականին այս հարցում որոշակի առաջընթաց գրանցել, Սիմոնովի խոսքով, Ռուսաստանը կսկսի վարել այլ որակի քաղաքականություն՝ նշված երկու ռեգիոններում։ Ներկայումս, սակայն, նրա քաղաքականությունը սահմանափակվում է պատերազմի ստեղծած հանգամանքներով։
Այս ամբողջ իրավիճակը, վերլուծաբանի կարծիքով, կարելի է համարել անցումային փուլ դեպի նոր աշխարհակարգ, որը զգալի է բոլոր ռեգիոններում։ Երբ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են, իսկ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ, մյուս ռեգիոններում այդ անցումային փուլը դրսևորվում է ազդեցության համար սուր մրցակցության տեսքով։
Հարավային Կովկասում, Սիմոնովի կարծիքով, այս մրցակցությունը հատկապես ինտենսիվ է, որտեղ ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանին վերջնականապես պոկել ռեգիոնից։ Նա նշում է, որ 2026 թվականը կարող է դառնա այս գործընթացի ինտենսիվացման տարի՝ ապաշրջափակման գործընթացի հետ կապված հարցերի շուրջ։
Անցյալ տարվա ուշագրավ իրադարձություններից մեկը, Սիմոնովի կարծիքով, ԱՄՆ նախաձեռնությունն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն առաջին անգամն էր, երբ ԱՄՆ նախագահը նման նախաձեռնությամբ հանդես էր գալիս՝ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելով կողմերի հետ։ Սակայն, նրա խոսքով, այս միջնորդությունը չլուծեց ռեգիոնում վերջնական կարգավորման հարցը, այլ այն տեղափոխեց 2026 թվականը։ Այսպիսով, ռեգիոնում խաղաղության ամրագրման հեռանկարը շարունակում է անորոշ մնալ՝ կախված մի շարք հանգամանքներից։