Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, մեծ հավանականությամբ, ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան՝ զրկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ) մանդատների 3/5-ից, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունից։ Սա ընդդիմությանը կտա հնարավորություն մասնակցելու սահմանադրական մարմինների ղեկավարների ընտրություններին, իսկ ՔՊ-ն, ըստ էության, կհիշեցվի «կաղ բադիկի» իշխանության։

Բայց նույնիսկ լեգիտիմության նվազ մակարդակն ու ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության տոտալ անվստահությունը չեն խանգարում իշխանականներին՝ թեժ մարտեր մղելու առանցքային պաշտոնների համար։ Իշխող ապագա ֆրակցիան դեռ չի ձեւավորվել, սակայն, իմ աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ բարիկադներ են կազմվել, եւ իրար դեմ պայքարում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։

Բնականաբար, ամենաթեժ մարտերը մղվում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար, որտեղ ամեն մի խմբավորում պայքարում է, որ այդ պաշտոնն իրենց ներկայացուցիչը զբաղեցնի։

Օրեր առաջ գրվել էր, որ մի խումբ ՔՊ-ականներ հակված են այդ պաշտոնում տեսնել նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար, Էդմոն Մարուքյանի նախկին սանիկ, ճամբարափոխ Հայկ Կոնջորյանին։ Դրանք այն մարդիկ են, որոնք ատում են Ալեն Սիմոնյանին եւ ամեն ինչ ուզում են անել՝ նրանից ազատվելու համար։ Սակայն երեկ Ալեն Սիմոնյանի կողմնակիցները վստահեցրին, որ ԱԺ նախագահի պաշտոնն այս ժամկետում էլ կզբաղեցնի նա, չնայած ՔՊ ընտրացուցակում ընդամենը 14-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Կոնջորյանը 11-րդն էր։ Ալեն Սիմոնյանն անձամբ է նման հավաստիացումներ տվել իր կողմնակիցներին՝ ասելով, որ ինքը վաստակել է երկրորդ ժամկետը պաշտոնավարելու իրավունքը։

Ալեն Սիմոնյանի տարբերակն առաջ հրողների փաստարկն այն է, որ ծանր քարոզարշավի առաջին իսկ րոպեներից նա եղել է ՔՊ խրամատում, իր վրա է վերցրել ամենավտանգավոր հարվածները, ի տարբերություն մյուս հավակնորդների, որոնք իրենց վարկանիշն ավելի են կարեւորել եւ ՔՊ-ին ուղղված մեղադրանքներին պատասխանել են ըստ նպատակահարմարության։ Խոսքը նախեւառաջ Հայկ Կոնջորյանի մասին է, ինչպես նաեւ՝ Լիլիթ Մակունցի, որին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, սակայն թիմում դիմադրում են դրան՝ նշելով, որ ծանր խորհրդարան է ձեւավորվել, եւ Մակունցի պես նուրբ ու փխրուն էակը չի կարող դրան դիմանալ։ Մինչդեռ Ալեն Սիմոնյանը Փաշինյանից ոչ պակաս հարձակումներ է գործել ընդդիմության վրա, իսկ այս թիմի համար դա առաջնային է համարվում։

Խորհրդարանի խոսնակի պաշտոնի հավակնորդներից է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա էլ պակաս չի «քլնգել» ընդդիմությանը եւ ատելության խոսք տարածել, ուստի միանգամայն արժանի է այս պաշտոնին։ Սակայն նրա անհավասարակշիռ եւ հախուռն խառնվածքը անգամ թիմակիցներն են խնդրահարույց համարում։ Ասում են՝ Ռուբինյանը լեզու չի գտնում նույնիսկ թիմի ներսում, ուր մնաց թե կարողանա ընդդիմադիրներին կառավարել։ Բացի այդ՝ նա, իր կուսակիցների բնորոշմամբ, թիմում ամենաանպարտաճանաչ մարդկանցից է, իսկ նման մեծ հիմնարկի կառավարչի համար պարտաճանաչությունը կարեւոր հատկանիշ է։ Եվ ամենակարեւորը՝ նոր ձեւավորվելիք ֆրակցիայում Ալեն Սիմոնյանը նոր աջակիցներ ունի, որոնք որոշել են հարցի քննարկման ժամանակ պնդել նրա թեկնածությունը։ ԱԺ նախագահին նախ իրենք են ընտրելու՝ ՔՊ-ի ներկուսակցական քննարկման ժամանակ, ապա՝ նաեւ խորհրդարանում։ Ալեն Սիմոնյանը վերջին ամիսներին հատկապես կարողացել է նվաճել ՔՊ տիկնանց սրտերը, պարբերաբար նրանց ռեստորան է հրավիրում, գործուղումների տանում, ինչի շնորհիվ էլ նրանց համակրանքն է վայելում։ Առհասարակ, այս զանգվածն ուրույն չափանիշներ ունի՝ պաշտոնյաներին ընտրելիս։

ՔՊ մեր աղբյուրներն այդուհանդերձ վստահեցրին, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, Նիկոլ Փաշինյանի կարծիքը դեռ հայտնի չէ, իսկ ՔՊ-ում որոշում կայացնողը մեկ մարդ է, եւ այդ մարդը Փաշինյանն է։ Եթե զգան, որ նա դեմ է Ալեն Սիմոնյանի թեկնածությանը, րոպեների ընթացքում իրավիճակ կփոխվի։