Ադրբեջանական գերությունից վերջերս ազատ արձակված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։ Այս մասին ինձ հետ զրույցում հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքյանը։

Տիկին Էուլջեքյանը նշեց, որ Վիգենի առողջական խնդիրները սկսել են սրվել սրտի հետ կապված խնդիրների ֆոնին։ Արյան անալիզները նաև բացահայտել են հարակից այլ առողջական խնդիրներ։

«Վիգենը մասնակի խլացել է, նրա մի ականջը չի լսում, և նա ունի նաև այլ առողջական խնդիրներ»,- ասաց Լինդան՝ հավելելով, որ այս պահին չի պատրաստվում մանրամասն տեղեկություններ տրամադրել։

Նրա խոսքով՝ գերության ընթացքում Վիգենը տառապել է անքնությամբ, սակայն դեղորայքի օգնությամբ նրա քունը կանոնավորվել է։ Բաքվի բանտում անցկացրած դժոխային օրերի հիշողություններով նա երբեմն կնոջ հետ կիսվում է։

Ընտանիքը պարբերաբար այցելում է բժիշկների մոտ, և այսօր նրանք նորից պետք է լսեն մեկ այլ բժշկի կարծիքը։ Կեցության հարցը նրանք լուծել են բնակարան վարձակալելով, սակայն ապագայի մասին դեռևս չեն կարող կանխատեսել։