Գեղարքունիքի մարզի Ներքին և Վերին Շորժա համայնքների բնակիչները հիմնականում լքել են իրենց տները՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո։

Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանի խոսքով՝ համայնքում այժմ բնակվող մարդ չկա։ «Բոլորը Վարդենիսում են կամ Ակունքում։ Երբ գարունը բացվի, մարդիկ կվերադառնան»,- ասաց նա։

Արամ Մինասյանը նշեց, որ բնակիչները վերադառնալուց զերծ են մնում՝ հիմնականում ճանապարհների անանցանելիության պատճառով։ «Ճանապարհները փակ են, բուքը շատ է։ Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում։ 2 տարի է, ինչ այս իրավիճակն է»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև 2020 թվականը համայնքում բնակվում էր 13 ընտանիք, որոնք ունեին 20 կանգուն տուն։

Հարցին՝ արդյոք համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի որևէ մաս անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, Արամ Մինասյանը պատասխանեց. «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է։ Նույնը մեր սարից է երեւում։ 2 սարերի արանքում պոստեր են։ Էդ տարածքում մենք վարելահող չունենք, այն արոտավայր է։ Առաջ այդ տարածքները որ կային՝ մինչև սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը։ Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»։

Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտեմ Երանոսյանը հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ հիվանդ է։ Իսկ Այրք համայնքի ղեկավար Կամո Ղազարյանը խորհուրդ տվեց հարցումները ուղղել Վարդենիսի համայնքապետարան՝ որպես իրավասու մարմին։