Վերջին օրերին Հայաստանում տեղացած առատ ձյունն ու բուքը ստեղծել են բարդ իրավիճակներ ոչ միայն ավտոճանապարհներով տեղաշարժը կազմակերպողների, այլև Սյունիքի մարզում իրենց պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համար։

Ինչպես տեղից հայտնում եմ, ուժեղ բուքը դժվարանցանելի է դարձրել մարզի գլխավոր ճանապարհների մի քանի հատվածներ, այդ թվում՝ Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը։ Ճանապարհներն սպասարկող ճանշինականները, համագործակցելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների հետ, անգամ բուքը դադարեցնելու համար անդադար աշխատում էին։

Այս բարդ իրավիճակում մեծ օգնություն են ցուցաբերել Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտերից մեկի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։ Նրանք ոչ միայն ապահովում էին ճանապարհների անվտանգությունը, այլև ուղեկցում էին ճանշինի տեխնիկան՝ ապահովելով, որ այն առանց խոչընդոտների իրականացնի իր աշխատանքը։

Անգամ որոշ ճանապարհահատվածներում բուքն այնքան ուժգին էր, որ պարեկների գլխարկները տարել է։ Ճանապարհները մաքրելուց հետո բուքը մի քանի անգամ նորից իր սև գործն էր արել՝ ձյունը կրկին լցնելով մաքրված հատվածների վրա, սակայն դա չի խանգարել ճանշինի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներին նորից հեռացնել ձյունն ու մերկասառույցը։

Այսօր՝ հունվարի 25-ին, շնորհիվ կատարված հերոսական ջանքերի, Սյունիքի մարզի գրեթե բոլոր գլխավոր ճանապարհները անցանելի են։ Եթե բուքը չլինի, ապա բեռնատարների տեղաշարժը նույնպես կթույլատրվի դեպի Երևան։

Հիշեցնեմ, որ երեկ՝ հունվարի 24-ին, ուժեղ բուքի պատճառով Շինուհայր խաչմերուկից դեպի Կապան ավտոճանապարհին բեռնատարների շարժը ժամանակավորապես դադարեցվել էր՝ վարորդների անվտանգությունը ապահովելու նպատակով։ Ճանապարհը սպասարկող Գորիսի ճանշինը արդեն 2 օր հսկայածավալ աշխատանքներ էր իրականացնում։