Մոսկվան կշարունակի զարգացնել Ռուսաստանի և Կուբայի միջև համագործակցությունը՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այս համագործակցությունը չի ուղղված երրորդ երկրների դեմ և չի կարող դիտվել որպես որևէ մեկի շահերին վնասող։

«Ռուսաստանն ու Կուբան ունեն առանձնահատուկ պատմական կապեր։ Մեր համապարփակ համագործակցության ավանդույթները խոր արմատներ ունեն և լայն սոցիալ-քաղաքական աջակցություն են վայելում երկու երկրներում։ Միևնույն ժամանակ, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, այս համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ և չի կարող դիտվել որպես որևէ մեկի շահերին վնասող։ Մենք վճռականորեն հանձնառու ենք այն հետևողականորեն զարգացնելու մեր ժողովուրդների բարօրության և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման համար»,- ասել է Զախարովան։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ապրանքների վրա, որոնք նավթ են վաճառում կամ մատակարարում Կուբա։ Թրամփը նաև հայտարարել էր արտակարգ դրություն՝ հղում անելով Հավանայից ենթադրաբար բխող ազգային անվտանգության սպառնալիքին։