Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հարցին։ Նա նշել է, որ Ռուսաստանում մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետին այն բանի համար, որ նա հանրային ելույթներում կոչ էր արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին։
«Կալանավորել քաղաքական հայացքների արտահայտման համար, այն հայացքների, որոնք ոչ մի ձևով ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ուղղված են Հայաստանի արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանն ու զարգացմանը՝ սեփական շահերից ելնելով, անխոս լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Հարկ է նշել, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերջերս դադարեցվել է։ Ինչպես հայտնել էր նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում որոշվել է դադարեցնել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Սակայն, ինչպես նշում է «Փաստերի ստուգման հարթակը», Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կապված չէ միութենական կազմում մտնելու կոչի հետ, այլ կաշառքի գործի հետ։ Ըստ հարթակի տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննությամբ պարզվել է, որ քաղաքապետը և գլխավոր ճարտարապետը պահանջել են 4 միլիոն դրամ կաշառք՝ ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու և քանդման միջոցներ չձեռնարկելու դիմաց։ Գործը հիմնված է նաև ձայնագրությունների վրա, որտեղ Վարդան Ղուկասյանը խոսում է գումարների մասին։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի միութենական կազմում մտնելու մասին արտահայտած կարծիքը մեծ հասարակական արձագանք էր առաջացրել, որն այն աստիճանին հասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտեն քաղաքական ու հանրային դաշտից։