ՀՀ կառավարության վերջին որոշմամբ երկարաձգվեց պետական «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված 2 մլրդ դրամի բյուջետային վարկի մարման ժամկետը։ Այս իրադարձությունը, սակայն, պարզապես ժամկետի երկարաձգում չէ, այլ պետական միջոցների կառավարման և ռիսկերի գնահատման մեջ առկա խնդիրների արդյունք։

«Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2022 թվականին՝ որպես 100 տոկոս բաժնետեր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ընկերության հիմնական նպատակը խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացի կազմակերպումն էր։ 2023 թվականի սեպտեմբերին կառավարությունը «Հայ-Ալմաստ»-ին տրամադրեց 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով և 2 տարի մարման ժամկետով։

Վարկի միջոցները նախատեսված էին հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից ձեռք բերելու համար՝ առնվազն 5 տարի հնեցված մինչև 1 մլն լիտր (100%-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ։ Պայմանավորվածություն էր, որ ապրանքի ամբողջական ծավալը կօտարվի և կվճարվի մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը։

Ինչպես տեղի ունեցավ

«Հայ-Ալմաստ»-ը վարկի միջոցներով «ՄԱՊ» ՓԲԸ-ից ձեռք բերեց մոտ 693 հազար լիտր հայկական կոնյակի սպիրտ՝ 1,4 մլրդ դրամ արժեքով։ Ստացված սպիրտը պահեստավորվեց «ՄԱՊ»-ի պահեստներում, որի համար սկզբնական պայմանավորվածությամբ ամսական վճարվում էր 50 դրամ՝ 1 լիտրի համար։ Ավելի ուշ, պահեստավորման արժեքը բարձրացվեց մինչև 1000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Ընկերությունը «ՄԱՊ»-ին օտարեց 493 հազար լիտր սպիրտ, իսկ «Բագրատ Գրուպ» ՍՊԸ-ին՝ 200 հազար լիտր։ «Բագրատ Գրուպ»-ի կողմից գնված ապրանքի դիմաց վճարումները կատարվեցին ամբողջությամբ։

Վճարումների ձգձգումը և վարկի մարման խնդիրը

«ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից վճարումները պետք է կատարվեին 7 փուլով՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հուլիսի 24-ը։ Սակայն «ՄԱՊ»-ը կարողացել է լիարժեք կատարել միայն առաջին և երկրորդ փուլերով նախատեսված վճարումները։ Արդյունքում, «Հայ-Ալմաստ»-ը չի կարողացել ժամանակին կատարել բյուջետային վարկի մարումը։

2025 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ «Հայ-Ալմաստ»-ի վարկային պարտավորությունը կազմել է 1,5 մլրդ դրամ։

Վարկի վերակառուցման փորձերը

Այս իրավիճակի արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը առաջարկել է Կառավարությանը վարկի մարման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունվարի 30-ը, և կիրառել տարեկան 4 տոկոս տոկոսադրույք։ Նախարարության հիմնավորումն այն էր, որ այս մոտեցումը կօգնի «Հայ-Ալմաստ»-ի կրած վնասները նվազեցնել։

Ֆինանսների նախարարությունը, սակայն, այդ առաջարկը մերժել է՝ նշելով, որ այս պայմաններում պետության կրած վնասը (NPV) կլինի բացասական մեծություն։ Ֆինանսների նախարարությունը առաջարկել է տոկոսադրույքը սահմանել 9.27%։ Ի վերջո, կառավարությունը հաստատել է 7.47% տոկոսադրույք և վարկի մարման վերջնաժամկետը՝ 2027 թվականի հունվարի 30-ը։

Այս դեպքը հիշեցնում է 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտված մտահոգությունը՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործման և ռիսկերի գնահատման անհրաժեշտության մասին։ Պետական «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին տրամադրված բյուջետային վարկի պատմությունը ցույց է տալիս, որ պետական միջոցների օգտագործումը չի ուղեկցվել բավարար ապահովագրական մեխանիզմների գնահատմամբ։ Վարկի ծախսման և վերադարձի գործընթացում ռիսկերը լիարժեք չեն հաշվարկվել՝ վարկի վերադարձը մեծապես կապելով մեկ հիմնական գնորդի վճարունակության հետ։ Արդյունքում, պետությունը կանգնել է վարկի վերակառուցման անհրաժեշտության առաջ՝ արդեն նոր ֆինանսական պայմաններով և լրացուցիչ բյուջետային ռիսկերով։